Մարդկային պատմության բոլոր ժամանակներում տեղ գտած առանցքային իրադարձությունները միշտ ուղեկցվել են տարատեսակ կոնֆլիկտներով, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել այդ պատմության ձևավորման հարցում: Եվ եթե փորձենք հայացք նետել այդ կոնֆլիկտների վրա, ապա կնկատենք, որ վտանգավորը ոչ թե դրանց առաջացումն է եղել, այլ կառավարումը: Հենց վերջինս էլ հիմք է հանդիսացել կոնֆլիկտաբանության ձևավորման համար, որը, լինելով բավականին երիտասարդ գիտություն, զբաղվում է հասուն «մտածելակերպ» և մեծ ներուժ պահանջող երևույթների ուսումնասիրմամբ: Կոնֆլիկտի էությունը փոխազդեցության մեջ գտնվող սուբյեկտների հակադիր ուղղված նպատակների, շահերի, դիրքորոշումների, կարծիքների, հայացքների բախումն է։ Կոնֆլիկտը սահմանվում է, որպես հակադիր ուղղված, անհամատեղելի, բացասական, հուզական ապրումներով ուղեկցվող միտումների բախում անձի գիտակցության մեջ։
Ընդ որում` այն աշխատում է ինչպես տեսական մակարդակում, այնպես էլ` գործնական. կոնֆլիկտաբանությունը առաջին գիտական մոտեցումն է, որը փորձում է մարդկային փոխհարաբերությունների ամենաբարդ և անլուծելի թվացող դրսևորումները փոխակերպել առողջ և ներդաշնակ փոխհարաբերությունների: Ցանկացած իրավիճակ, որում սոցիալական իրականության սուբյեկտները` լինեն առանձին անհատներ, խմբեր, խոշոր կազմակերպություններ, պետություններ, պետությունների միավորումներ, համարում են, որ ունեն իրար հակասող նպատակներ, ընկալում են դիմացինին` որպես հակառակորդ, և դիմում են ցանկացած գործողության` իրենց նպատակներին հասնելու համար, ընդհուպ մինչև հակառակորդին ոչնչացնելը, որակվում է` որպես կոնֆլիկտ: Ուստի կոնֆլիկտաբանության խնդիրն է աշխատել կոնֆլիկտների հետ, դրանց զարգացման ցանկացած փուլում, ուսումնասիրել դրանք և կառավարել:
