Թումանյանի «Անուշ» պոեմը վերջին անգամ կարդացել էի մի քանի տարի առաջ և անկեղծ ասած, այնքան էլ ընկալելի չէր ինձ համար, կարծում եմ պատճառը տարիքն էր։ Նորից կարդալով այս հրաշալի պոեմը ես վերջապես հասկացա նրա էությունը, և թե ինչ էր ուզում փոխանցել Թումանյանը ընթերցողին։
«Անուշը» թեև տխուր, ողբերգական ու դժբախտ սիրո մասին էր, բայց և հրաշալի, իմաստով լի ու անկեղծ պոեմ էր, ես այն շատ հավանեցի։ Պոեմի գլխավոր հերոսները՝ Անուշը ու Սարոն, զոհ էին դառել այն ժամանակվա սովորություններին։ Կարծում եմ Անուշը համեմատած իր ժամանակաշրջանի շատ խիզախ աղջիկ էր։ Նա հանուն իր սիրո պատրաստ էր ամեն ինչի, նույնն էլ Սարոն։ Բայց այս պոեմը նման չէ այն ստանդարտ ձևով գրված սիրո պատմություններին, որոնք ուրախ ու երջանիկ վերջ ունեն։ Թումանյանը այս պոեմով ուզում էր փոխանցել ընթերցողին և հասկացնել նրան, որ պետք չէ զոհ դառնալ խղճուկ սովորություններին ու զոհաբերել սերը ու երջանկությունը հանուն հասարակության կարծիքի։ Պետք է պայքարել հանուն սեփական երջանկության, կյանքն առանց այդ էլ շատ կարճ է, հարկավոր չէ ժամանակ վատնել ուրիշների կարծիքի վրա։
