Հեռավար-առցանց/հայոց լեզու-գրականություն մայիսի 11-20/ «Սասնա ծռեր» էպոս

Թամար Ղահրամանյանի բլոգ 

«Սասնա ծռեր» էպոս

«Սասնա ծռեր» էպոսի պատումներ կամ տարբերակներ

«Սասնա ծռեր» էպոսի պատումները․ Հայկ Համբարձումյան 

«Սասնա ծռերը»՝ հավերժական գիտելիք․․․ — Արուսյակ Սահակյան

Հայոց տիեզերական առաքելությունը — Հայկ Կիրակոսյան

 «Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին

«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմ

«Սասունցի Դավիթ» էպոսի անձնանունների ծագման հարցը հայ էպոսագիտության մեջ

Էպոսից ինձ դուր եկած հատվածը(տեսաֆիլմ) 

Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը:
«Սասնա ծռերի» վիպական համակարգում միաձուլված են վերամշակված ու փոխակերպված հնագույն առասպելները, ավանդական վիպական սյուժեները, հեթանոսական պաշտամունքային տարրերը (ջուր, արեգակ), պատմական երգ-զրույցները: Այդուհանդերձ, էպոսի վիպական զարգացումը, ճյուղերի հստակեցումը, վերամշակումը կատարվել են միջնադարում՝ VII–XIII դարերում, նախ՝ Բաղդադի արաբական խալիֆության, ապա՝ Եգիպտոսի (Մըսրա) Էյուբյան արաբ տիրակալների դեմ XII–XIII դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ազդեցությամբ: Էպոսի հերոսներից (նաև բացասական) շատերն ունեն իրենց պատմական նախատիպերը:
«Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հայ դյուցազունների անպարտելիության ոգին է՝ պայմանավորված էպոսի նախահիմքում ընկած առասպելական հերոսների սխրանքներով և ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարով:
Իր սիրելի հերոսներին ժողովուրդն անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր: Նրանք աչքի են ընկնում գեղեցկությամբ, դյուցազնական ուժով ու զորությամբ, որ ստանում են մայր բնությունից, հայրենի հողից ու ջրից: Սանասարը զորություն է առնում Վանա ծովից, այնտեղից հանում է իր ձին՝ Քուռկիկ-Ջալալին, զենքն ու զրահը՝ Թուր Կեծակին, Թամքը սադաֆին, Կապան ղադիֆեն և Խաչ Պատերազմին և այլն, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: 
Էպոսի առասպելական հերոսներն օժտված են մարդկային վեհ հատկանիշներով՝ պատվասիրությամբ, մարդասիրությամբ, ազատասիրությամբ, ունեն նաև թուլություններ՝ պարզամտություն, դյուրահավատություն: Սասնա քաջերը վեհանձն են ու շիտակ, նրանք կառուցող-շինարարներ են, հմուտ որսորդներ, անվեհեր մարտիկներ՝ պատրաստ մեռնելու իրենց հողի ու ժողովրդի համար: Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, որքան էլ ցասումով են կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն: 
Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր իդեալ հերոսը: 
Էպոսի գլխավոր հերոսուհիներին նույնպես ժողովուրդն օժտել է առանձնահատուկ գծերով. նրանք գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, պարկեշտ ու միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար: Վիպերգի կանայք նաև խիզախ են ու մարտնչող («Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե՜ խորոտ էր, թե՜ քաջ էր»): Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»:
Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստնությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:
«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ: Նրա մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ Տենրեյրոն և Աֆոնսոն: 
Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թ-ին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թ-ին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի):
Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով: Դրանք գրառված են XIX–XX դարերում և կառուցվածքով, լեզվաբարբառային ու վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական-տեղագրական 3 մեծ խմբերի՝ Սասնա, Մշո և Մոկաց: Ենթադրվում է, որ նախնական պարզ ու կուռ տիպը եղել է Սասնա խումբը, որի տարածումից ու տեղական մշակումներից էլ առաջացել են մյուսները: 
«Սասնա ծռերը» ժանրային առումով խոսքային-երաժշտական վիպերգ է: Էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար:
«Սասնա ծռերը», դարեր շարունակ ավանդվելով բանավոր, ներառել և գեղարվեստորեն համադրել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողությունները, դարձել պատմամշակութային արժեքավոր հուշարձան:
1939 թ-ին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին: 
Էպոսի համահավաք տեքստը թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, բելոռուսերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, լեհերեն և այլ լեզուներով:
«Սասնա ծռերն» ունեցել է բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից լավագույնը Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» (1903 թ.) անավարտ պոեմն է: «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ: Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Հրայր Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թ., մուլտֆիլմ), թատրոնում:
Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, Ղարաբաղյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները:
ՀՀ-ում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, մետրոպոլիտենի կայարան՝ «Սասունցի Դավիթ»՝ Երևանում: 
«…ամեն մի ժողովուրդ չունի համաշխարհային գրականության մեջ իր ազգային էպոսը: Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն ու իր մեծության աններելի վկայությունն է աշխարհքի առջև»:
Հովհաննես Թումանյան,
բանաստեղծ
«Սասնա Դավիթը» մեր ազգային հոգևոր մեծագույն հարստությունն է, որի մեջ արտահայտվում են ժողովրդի նվիրական խոհերն ու երազանքները, մեր դարավոր պայքարը հանուն ազատության, մեր ազգային կենցաղը, մեր բնավորությունը, մեր ոճն ու ոգին: Այս վեպը գրվել է հազար տարի շարունակ: Ժողովուրդը բերնեբերան այն պատմել է և հորինել, հարմարեցրել նոր ժամանակներին, հարստացրել նոր դրվագներով ու գաղափարներով, ամեն ասացող, ըստ իր շնորհքի ու հասկացության, մի բան է ավելացրել իր սովորածին, և այսպիսով, «Սասնա Դավիթը» դարձել է ժողովրդական հանճարի մի անգերազանցելի մարմնացում»:
Նաիրի Զարյան,
գրող

 

   1964 թ-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը:
Հակոբ Կոջոյան

 

Սասունի կյանքը

Քուռկիկ Ջալալի

Էդուարդ Իսաբեկյան (1914-2007) նկարել է Սասունցի Դավթին՝

Оставьте комментарий