Ռասիզմը մարդու հնարած առավել սարսափելի տեսություններից է, որի ծագումը կապում են եվրոպացիների աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանի հետ: Գաղութացման քաղաքականությունն արդարացնելու համար, որը հաճախ ուղեկցվել է տեղի բնակիչների ոչնչացմամբ կամ ստրկացմամբ, ձեւավորվել են որոշ ժողովուրդների անլիարժեքության մասին տեսություններ: Ռասիստական տեսությունները շահեկան էին «ստորին» խմբերի շահագործումից շահույթ ստանալու համար եւ ամրագրվում էին համապատասխան օրենքներում, օրինակ` միջռասայական ամուսնությունների արգելքը:
Եթե փորձենք խորանալ երևույթի արմատներում, բացի շահութաբերությունից այնտեղ կգտնենք նաև մարդկային հսկայական եսասիրություն, միաժամանակ անլիարժեքություն` ստրկացնել մեկին, նվաստացնել, համարել նրան «ցածր»` այդ ֆոնի վրա նրանից «բարձր» ու ինքնաբավ զգալու համար:
Դարեր շարունակ հակամարտություններ են տեղի ունեցել հիմնական ռասաների միջեւ` սկսած սնոբիական սոցիալական մերժումներից մինչև պետականորեն հովանավորվող ցեղասպանություններ: Երբ գույնը չի եղել նախապաշարմունքի պատճառ, այլ պատճառներ են դեր խաղացել, ինչպիսիք են` լեզուն, կրոնը, ազգությունը, կրթությունը, սեռը կամ տարիքը:
Այս մարդիկ բնությունից ստացած իրենց բնական այս կամ այն հատկանիշի պատճառով ստորացվել են, խոշտանգվել, սպանվել: Նրանք եղել են ստրուկ, զրկված են եղել նվազագույն իրավունքներից, նրանց «մատով են ցույց տվել» ու կենդանուց էլ վատ վարվել նրանց հետ:
Միշտ էլ խտրականությունը առավելապես տարածված է եղել ոչ սպիտակամորթ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ, որոնց «ստորին կարգի» մարդ են համարել, ովքեր իբր ընդունակ չեն ստեղծելու բարձր զարգացած մշակույթ, հետևաբար հարկադրված են վերցնելու այն «բարձր» ռասաներից։ Մինչդեռ եկեք հիշենք պատմություն կերտած մի քանի անուններ։
Մարտին Լյութեր Քինգ. առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը 1950-ականներից սկսած և արժանացել է Նոբելյան մրցանակի (խաղաղության բնագավառում) ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար:
Նելսոն Մանդելա. Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Ռոզա Փարքս. աֆրոամերիկացի հասարակական գործիչ, քաղաքացիական իրավունքների ակտիվիստ, ԱՄՆ-ում սևամորթ քաղաքացիների իրավունքների համար շարժման նախաձեռնող, ում ԱՄՆ Կոնգրեսը կոչել է «քաղաքացիական իրավունքների առաջին տիկին» և «ազատության շարժման մայր»։
