Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ, հիմնադրվել է 1968 թվականին։ Այն մարզկենտրոն Եղեգնաձորում առկա միակ թանգարանն է։ Թանգարանը հանդիսանում է ինչպես Եղեգնաձորի, այնպես էլ Վայոց ձորի մարզի կարևորագույն մշակութային ու գիտակրթական օջախներից մեկը, ինչպես նաև զբոսաշրջային ժամանցի վայր։ Թանգարանն իր գործունեությամբ նպաստում է ազգային մշակույթի և պատմական ժառանգության հանրայնացմանն ու տարածմանը։ Պարբերաբար անցկացվում են մշակույթին և պատմությանն առնչվող գիտական հետազոտություններ և բազմաթիվ մշակութային միջոցառումներ, կրթական ծրագրեր։ 2017 թվականից թանգարանն «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում համագործակցում է Սմիթսոնյան ինստիտուտի հետ։ Թանգարանը հիմնադրվել է որպես գավառագիտական թանգարան։ 1981 թվականին թանգարանը տեղափոխվել է նոր մասնաշենք, որտեղ և գործում է մինչ օրս։ Մինչև 2017 թվականը թանգարանում կազմակերպվում էր ժամանակավոր ցուցադրություն։ 2017 թվականից ի վեր թանգարանում առկա է մշտական ցուցադրություն։ 2020 թվականի տվյալներով թանգարանի հավաքածուն ընդգրկում է մոտ 9435 ցուցանմուշ, որից 468-ը՝ մշտական ցուցադրություն, մնացածը պահպանվում են ֆոնդերում։ Ցուցանմուշները գտնվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության, անձնական ֆոնդերի, քանդակի, բնություն և այլ բաժիններում ու ենթաբաժիններում։ 2019 թվականին թանգարանի այցելուների թիվը կազմել է 3159։ Թանգարանի հավաքածուն համալրվել է ինչպես պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներով, այնպես էլ առանձին անհատների կատարած նվիրաբերումներով ու վաճառքով։
Տվյալներ՝
- Ղեկավար՝ Կարեն Ազատյան, տնօրեն
- Հայաստան, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր, Շահումյան փող., 4 շենք, (Եղեգնաձոր համայնք)
- Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-17:00, Շբթ 11:00-16:00
- ընդունարան` +374-281-23392
- տնօրեն` +374-98-052552(բջջ.)
Ջերմուկի պատկերասրահ
Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղը հիմնադրվել է 1972 թվականին: ՀԱՊ-ի հավաքածուից այստեղ ներկայացված են խորհրդահայ և ժամանակակից մշակութային հարուստ ժառանգության ընտիր ցուցանմուշներ: Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1920-1990 թթ. շուրջ 100 գեղանկար և քանդակ: Գեղանկարների կողքին ցուցադրվում են նաև բարձրարվեստ քանդակներ: Մշտական ցուցադրությանը զուգահեռ պարբերաբար կազմակերպվում են նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հուշ-ցերեկույթներ, դասախոսություններ, վարպետաց դասեր: Մասնաճյուղը գտնվում է Արփա գետի առափնյա լանջին: Այստեղ ներկայացված են գեղանկարիչներ Մ. Սարյանի, Վ.Գայֆեճյանի, Հ. Կալենցի, Հ. Հակոբյանի, Մ. Պետրոսյանի և այլոց ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ առանձնացող աշխատանքներ: Տոմսի արժեքը մեծերի համար՝ 200դրամ, էքսկուրսավարի ծառայություն՝ 1500դրամ:
Տվյալներ`
- Ղեկավար`Վարդան Ավետյան, մասնաճյուղի տնօրեն
- Հայաստան, Վայոց ձորի մարզ, Ջերմուկ, Չարենցի փող., 1 շենք, (Ջերմուկ համայնք)
- Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:30-17:30
- Հեռռ. ` +374-287-22132
Աղբյուրներ՝
