Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի տուն֊թանգարան

Թանգարանը նվիրված է Վազգեն Սարգսյանին, հայ հասարակական-քաղաքական և զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը։ Տուն-թանգարանի բակում տեղադրված է սպարապետի կիսանդրին (քանդակագործ` Կամսար Ղազարյան)։ ՀՀ կառավարությունը 2000 թվականին որոշում է կայացրել Հայաստանի ազգային հերոս, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու մասին։ Սպարապետի ծննդյան օրը մարտի 5-ին թանգարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ
Տվյալներ`
- Ղեկավար` Կառլեն Արմենի Սարգսյան, տնօրեն
- վայր՝ Հայաստան, 0607, Արարատի մարզ, Արարատ գյուղ, Գարեգին Նժդեհի փող., 7 շենք, (Արարատ համայնք)
- Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-17:00
- Հեռռ. համար` +374-93-865569(բջջ.)
Պարույր Սևակի տուն-թանգարան

Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Զանգակատուն (նախկինում՝ Չանախչի, Սովետաշեն) գյուղում։ Բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի օրը՝ 1981 թ. հունիսի 17-ին։ Թանգարանը կառուցվել է գրողի առանձնատան կողքին, այգու հարևանությամբ։ 2015թ. մարտին բացվեց տուն-թանգարանի նոր մասնաշենքը, որն ունի զանգակատան տեսք։ Այն ներառում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը և ընդունելությունների սրահը։ Պարույր Սևակի տուն-թանգարան համալիրն այսօր ներառում է թանգարանի երկու մասնաշենքերը, բանաստեղծի կառուցած առանձնատունը (1960թ.), այգին և հայրական տունը (1924թ.)։ Ցուցասրահը հարստացված է Պարույր Սևակին նվիրված՝ նկարիչ Սարգիս Մուրադյանի` 1985-1986 թթ. կատարած մեծադիր որմնանկարով, որտեղ ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պ. Սևակի՝ երևանյան բնակարանի (հասցե՝ Կասյան 3) աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցանմուշներով։ Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և Պ. Սևակի անձնական գրադարանի 1000-ից ավելի գրքեր։ Տուն-թանգարանի բակում՝ այգու արևելյան հատվածում են գտնվում Պարույր Սևակի, նրա կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի, և ծնողների՝ Ռաֆայել և Անահիտ Սողոմոնյանների շիրիմները։
Տվյալներ՝
- Ղեկավար՝ Սևակ Ղազարյան, տնօրեն
- վայր՝ Հայաստան, 0610, Արարատի մարզ, Զանգակատուն գյուղ, Պարույր Սևակի փող. 1-ին փակուղի, 1 տուն (Արարատ համայնք)
- Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-17:00
- տնօրեն` +374-93-377599(բջջ.)
Դվին քաղաքատեղի

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին, Տրդատ III–ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: 330-331 թթ. Խոսրով Բ թագավորը հայոց արքունիքը Արտաշատից տեղափոխել է հյուսիս, Դվին կոչվող բլրի վրա` Արփա գետի հունի փոփոխման, Արտաշատ մայրաքաղաքի կլիմայական պայմանների վատթարացման պատճառով: 470 թ. Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի օրոք Վաղարշապատից Դվին է տեղափոխվել նաև կաթողիկոսարանը: Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև` մ.թ.ա. IX -VIII դդ. պաշտամունքային բնակավայր: Դվինն ունեցել է ժամանակի զարգացած քաղաքներին բնորոշ քաղաքաշինական նկարագիր: Միջնաբերդը կառուցվել է ընդարձակ հարթավայրի հյուսիսարևելյան կողմում գտնվող բլրի գագաթին, իսկ բուն քաղաքը` շահաստանը, կառուցապատվել է բլրի փեշերին, դեպի հարավարևմուտք ձգված հարթավայրի վրա: Միջնաբերդի և քաղաքի միջև կապը ապահովվել է երկու կամուրջների միջոցով, մեկը` միջնաբերդի հարավից, մյուսը` արևելյան կողմից: Միջնաբերդը և քաղաքը շրջափակվել են կիսաշրջանաձև աշտարակներով և հզոր բուրգերով համալրված պարիսպներով: Քաղաքատեղին բազմիցս ուսումնասիրվել և պեղվել է: Դեռևս 1899 թ. ուսումնասիրել է Ն. Մառը, 1907-1908 թթ.` Խ. վարդապետ Դադյանը, 1936-1939 թթ. պեղումները գլխավորել է Ս. Տեր-Ավետիսյանը, 1946-1976 թթ.` Կ. Ղաֆադարյանը, 1976 թ-ից` Ա. Քալանթարյանը: Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ: Պեղածո զանազան նյութերը հիմնականում պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում:
Աղբյուրներ`
