Շուկա, փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է ապրանքների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված աշխատանքի հասարակական բնույթը։ Շուկան տնտեսական ազատության վրա հիմնված համակարգ է, որը դրսևորվում է ազատ ձեռներեցությամբ, գնագոյացմամբ, մրցակցությամբ, տեղեկատվությամբ և այլնով։
Պահանջարկ և առաջարկ
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը տվյալ պայմաններում սպառողները կարող են և ցանկանում են իրենց դրամական եկամուտներով գնել շուկայում ձևավորվող գնով, այսինքն՝ պահանջարկը գնողականությունն է, որ կախված է եկամուտներից և գներից։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է նաև մի շարք այլ գործոններով՝ սպառողական նախասիրություն, մոդա, սպասումներ և այլն։ Առաջարկը՝ որպես շուկայի հիմնական տարրերից մեկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը շուկայում ներկայացվում է վաճառքի տվյալ գնով։ Եթե պահանջարկը ներկայացնում են գնորդները կամ սպառողները, ապա առաջարկը՝ վաճառողները կամ արտադրողները։ Առաջարկը պայմանավորված է արտադրական ծախսերով, հումքի և նյութի գներով, տեխնոլոգիական առաջընթացով, արտադրողականությամբ և ապրանքի շուկայական գնով։ Պահանջարկը և առաջարկը փոխկապակցված են և կազմում են շուկայական համակարգի երկու հիմնական կողմերը։ Առաջարկը՝ որպես շուկայի տարր, գոյություն ունի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում, և ընդհակառակը։ Մեկի փոփոխությունը անդրադառնում է մյուսի վրա։
Գին
Գինը՝ որպես շուկայի տարր, կարգավորիչի դեր է կատարում առաջարկի և պահանջարկի միջև։ Գինը դիտարկվում է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի տեսանկյունից։ Պահանջարկի գինը գնորդի կողմից ներկայացվող գինն է, իսկ առաջարկի գինը՝ վաճառողի։ Դրա բարձրացումը նվազեցնում է պահանջարկը և մեծացնում առաջարկը։ Իր հերթին պահանջարկի և առաջարկի փոփոխությունն ազդում է գնի մակարդակի վրա։ Եթե պահանջարկը մեծանում է, գինը բարձրանում է, և հակառակը։ Եթե առաջարկը մեծանում է, գինը նվազում է, և հակառակը։ Այդ է պատճառը, որ շուկայի սահմանումը ներակայացնելիս կարևորվում է գնային ազդակների (իմպուլսների) կամ ազդանշանների դերը։ Գինը յուրահատուկ տեղեկատվության աղբյուր է տնտեսավարող սուբյեկտների համար։ Շուկայական գինը սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, որը պայմանավորված է մրցակցությամբ։
Մրցակցություն
Մրցակցությունը տարբեր արտադրողների միջև պայքարն է միավոր արդյունքի ծախսերը կրճատելու, բարիքի քանակական և որակական պարամետրերը բարելավելու, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ ներդնելու ճանապարհով ավելի շատ սպառողներ ներգրավելու և եկամուտներ ապահովելու համար։ Մրցակցությունը արտադրության շարժիչ ուժն է։ Բոլոր արտադրողները ցանկանում են շուկայից դուրս մղել մյուսներին։ Իրենց այդ նպատակին հասնելու համար նրանք ավելի խնայողաբար և արդյունավետ են օգտագործում առկա ռեսուրսները, մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման գործում, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում է միավոր բարիքի ծախսերը և ապահովում ավելի որակյալ արտադրանք։ Այսպիսով՝ շուկայական տնտեսությունը հիմնված է երեք առանցքների կամ տարրերի վրա, որոնք տնտեսության ինքնակարգավորման ճանապարհով ապահովում են սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և հասարակության աճող պահանջմունքների բավարարում։
Շուկայի ենթակառուցվածքները
Շուկայական էկոնոմիկայի ձևավորման և զարգացման կարևոր նախադրյալներից է համարվում շուկայական ենթակառուցվածքների առկայությունը։ Շուկայական ենթակառուցվածքները այն տնտեսական կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների ամբողջությունն է, որոնք նպաստավոր պայմաններ են ապահովում շուկայական հարաբերությունների բնականոն գործունեության և զարգացման համար։
Շուկայական ենթակառուցվածքները օժանդակ, սպասարկող դեր են կատարում շուկայի հիմնական կառուցվածքային օղակների համար։
Շուկայական ենթակառուցվածքների մեջ մտնում են հետևյալ օղակները.
- առևտրային ցանցը, որը ներառում է առևտրային բազաները, պահեստները, խանութները և վաճառքի այլ օբյեկտները
- տոնավաճառները, ցուցահանդես վաճառքները, մրցույթային վաճառքները, աճուրդները
- տրանսպորտային մայրուղիների, երկաթուղիների, նավահանգիստների, կայարանների և դրանց համապատասխան պահեստային տնտեսությունների առկայությունը
- առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների առկայությունը, որը հնարավորություն է տալիս, որպեսզի շուկայի սուբյեկտները անհրաժեշտության դեպքում վարկեր վերցնեն, ինչպես նաև բանկերի միջոցով կատարեն իրենց ֆինանսական գործառնությունները այլ կազմակերպությունների հետ։
- բորսաների առկայությունը, որոնք հանդես են գալիս ապրանքահումքային, ֆոնդային, աշխատանքների բորսաների ձևով, հատկապես կարևորվում է ֆոնդային բորսան, որի մեջ մտնում է ոլորտային շուկան և արժեթղթերի շուկան։
- ապահովագրության ծառայությունների առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել տնտեսական ռիսկը՝ նպաստելով գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանը։
- գովազդային ծառայությունը, որը նպաստում է ապրանքների արագ իրացմանը և ներդրված կապիտալի շրջանառության արագացմանը։
- տեղեկատվական ծառայությունների առկայությունը։ Այսպիսով շուկայական ենթակառուցվածքները իրենցից ներկայացնում են շուկայական կոմունիկացիայի ամբողջությունը այնպես, ինչպես որևէ քաղաք, բնակավայր առանց կոմունիկացիաների, այսինքն՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման, տրանսպորտի, դպրոցների, սպասարկող օբյեկտների չի կարող նորմալ գործել, շուկան նույնպես առանց ենթակառուցվածքների չի կրող բնականոն գործել։
