Եկամտահարկ

Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է։ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Ընդ որում, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, վերը նշված կարգավորումներին համապատասխան, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

  • ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից կամ ՀՀ-ից  դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների,
  • ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների:

Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերություն։

Ֆիզիկական անձը եկամտային հարկը վճարում է.

  • եկամուտը վճարող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս (հաշվարկելիս)՝ յուրաքանչյուր վճարման (հաշվարկման) դեպքում, կրում են եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և բյուջե փոխանցելու պարտավորություն,
  • ինքնուրույնաբար՝ եթե ֆիզիկական անձի ստացած եկամուտները չեն հարկվել  հարկային գործակալների միջոցով:

Շատ պետություններ հարկում են անհատների և ձեռնարկատիրական միավորների՝ ներառյալ կորպորացիաների եկամուտը։ Հիմնականում, իշխանությունները հարկում են ձեռնարկության զուտ եկամուտը և այլ եկամուտները։ Հարկման օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկվում է օրենսդրությամբ ամրագրված հաշվապահական սկզբունքների հիման վրա, որն էլ կարող է փոփոխվել հարկային օրենսդրության փոփոխության հետևանքով։ Հարկման եղանակները կարող են տարբերվել մի շարք երկրներում, և որոշ համակարգեր կարող են լինել պրոգրեսիվ և ռեգրեսիվ։ Հարկման դրույքաչափերը կարող են փոփոխվել կամ մնալ ֆիքսված եկամտի տարբեր մակարդակներում։ Շատ համակարգեր անհատներին տրամադրում են նպաստներ, հարկվող եկամտի նկատմամբ այլ արտոնություններ, չնայած դրանք շատ հաճախ ծածկվում են բիզնեսի հարկերի շնորհիվ[3]։

Անհատների նկատմամբ կիրառվող եկամտահարկը, հիմնականում, հավաքագրվում է վճարիր այնքան, որքան աշխատել ես սկզբունքով և որոշակի շտկումներով սովորաբար վճարվում է հաշվետու տարվա վերջում։ Այս շտկումները լինում են երկու տեսակի՝ վճարներ, որոնք գնում են կենտրոնացված ֆոնդեր նրանց համար, որոնք բավարար հարկ չեն վճարվում հաշվետու ժամանակաշրջանում և գերավճարներ, որոնք հաշվանցվում են կենտրոնացված ֆոնդերից։ Եկամտահարկի համակարգը հաճախ թույլատրում է արտոնություններ, որոնք կիրառվում են նվազեցնելով հարկման բազան։ Նրանք նաև կարող են նվազեցնել մի հարկատեսակի եկամուտները մեկ այլ հարկատեսակի հաշվին։ Օրինակ՝ արժեթղթերի շուկայի կողմից վճարվող հարկերը նվազեցվում են աշխատավարձի հարկերի հաշվին։ Հարկային այլ համակարգեր կարող են ծածկել կորուստը, օրինակ՝ բիզնեսի կրած կորուստները կարող են ծածկվել միայն բիզնեսի հարկերի հաշվին՝ կրելով նախկին հաշվետու ժամանակաշրջանի կորուստները։

Բացասական եկամտահարկ
Տնտեսագիտության մեջ բացասական եկամտահարկը պրոգրեսիվ եկամտահարկի տեսակ է։ Երբ մարդիկ վաստակում են որոշակի շեմից ցածր, պետության կողմից ստանում են լրավճար հարկ վճարելու փոխարեն։

Կապիտալի աճ
Շատ պետություններ կիրառում են եկամտահարկ կապիտալի աճի նկատմամբ։ Կապիտալի աճը այն կապիտալ միջոցների վաճառքից ստացվող եկամուտն է, որոնք սովորաբար ձեռնարկություններում չեն պահվում վաճառքի համար։ Կապիտալ միջոցները շատ երկրներում նաև ներառում են անձնական միջոցները։ Որոշ պետություններում կիրառվում են այս հարկատեսակի համար արտոնյալ դրույքաչափեր կամ միայն հարկում են կապիտալի աճի որոշ մասը։ Որոշ պետություններ կիրառում են տարբեր դրույքաչափեր կամ հարկման տարբեր մակարդակներ՝ կապիտալ միջոցների պահպանման ժամանակահատվածից կախված։ Քանի որ կապիտալի աճի նկատմամբ դրույքաչափերն ավելի բարձր են, քան սովորական եկամտի նկատմամբ, հետևաբար առաջանում է հակադրություն կապիտալի հստակ սահմանման հետ կապված։ Որոշ հարկ վճարողներ վիճում են, որ կապիտալի և ներդրումների տեսակների միջև տարբերակումը խոչընդոտում է շուկայի բնականոն գործունեությունը[3]։

Կորպորատիվ
Կորպորատիվ հարկը ներառում է եկամտահարկը, կապիտալի հարկը և շահութահարկը, որոնք վճարում են կազմակերպությունները։ Կազմակերպությունների հարկման դրույքաչափը և հարկման բազան կարող է տարբերվել անհատների դրույքաչափերից և բազայից։

Оставьте комментарий