Վրաստան

Վրաստանը պետություն է Այսրկովկասի կենտրոնական և արևմտյան մասում: Արևմտյան ափերը ողողվում են Սև ծովի ջրերով: Հարավից սահմանակից է Հայաստանին:

Մեծ Կովկասի վրացական հատվածում են  Վրաստանի ամենաբարձր գագաթները՝ Շխարան (5068 մ) և Կազբեկը (5047մ): Հանրապետության հարավում է Ջավախքի բարձրավանդակը (առավելագույն բարձրությունը՝ 3301 մ՝ Մեծ Աբուլ լեռ), որը հրաբխային լեռների, լեռնազանգվածների, սարավանդների ու գոգավորությունների համալիր է: Խոշոր գետը Կուրն է՝ Արագվի և Ալազան վտակներով: Սև ծովի ավազանի գետերից են Ռիոնը, Ինգուրը, Բզիբը, որոնք ունեն  ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Լճերից նշանավոր են Փարվանան, Տաբածղուրին, Խանչալին, Ռիցան, Ամտկելին: Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել են Լագոդեխիի, Բորժոմի, Ռիցայի արգելոցները, Թբիլիսիի բնական ազգային պարկը: Բնական հակադրություններով հարուստ լանդշաֆտները, մեղմ կլիման, փարթամ բուսականությունը, ծովի տաք ջուրը, հանքային աղբյուրները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների: 

Վրաստանը հարուստ է ծովափնյա կլիմայական (Քոբուլեթ, Ուրեկի), առողջարանային (Ծղալտուբո, Նաբեղլավի, Սաիրմե), առողջարանա-կլիմայական (Բորժոմ, Ջավա) և լեռնակլիմայական (Աբասթուման, Բակուրիան) բազմաթիվ առողջավայրերով:Վրաստանը հնագույն մշակույթի երկիր է. ունի զարգացած ճարտարապետություն, գրականություն, արվեստ, թատրոն, կինո, ազգային մշակույթի պահպանության ու զարգացման լավագույն ավանդույթներ: Հանրահայտ են գրողներ Շոթա Ռուսթավելին, Գալակտիոն Տաբիձեն, Վաժա Փշավելան, Ակակի Ծերեթելին, Իլյա Ճավճավաձեն և ուրիշներ։ Թիֆլիսում ապրել ու ստեղծագործել են գրողներ Հ. Թումանյանը, Րաֆֆին, Ղազարոս Աղայանը, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը և ուրիշներ, նկարիչներ Մկրտում, Հակոբ ու Աղաթոն Հովնաթանյանները, Ստեփան Ներսիսյանը, Գևորգ Բաշինջաղյանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը և ուրիշներ, բազմաթիվ դերասաններ, լրագրողներ և այլք: Էկո-զբոսաշրջությունը Վրաստանի զբոսաշրջության ամենաեկամտաբեր ուղղություններից մեկն է, և միևնույն ժամանակ երկիրն այդ առումով ունի զգալի ներուժ։ Վրաստանում այս ոլորտն ունի մեծ հնարավորություններ՝ հաշվի առնելով երկրի զբաղեցրած 12–րդ տեղն ըստ կենսաբազմազանության։ Վրաստանի հողատարածքի համարյա կես միլիոն հեկտարը պաշտպանված տարածքներ են, դա մոտավորապես երկրի տարածքի 7 %-ն է։ Բոլոր արգելոցների 75%-ը անտառապատ են։ Վրաստանում կան 14 ազգային արգելոցներ, 9 ազգային պարկեր, 14 բնական հուշարձաններ և 2 բնական լանդշաֆտներ:

Հանրապետությունում կան մոտ 300 լեռնային, մերձծովյա կլիմայական, հանքաջրաբուժական և ցեխային հանգստավայրեր։ Ձմեռային հանգստավայրերն ակտիվ են դեկտեմբերի վերջերից մինչև ապրիլի վերջը, իսկ ամառայինները՝ մայիսի վերջից մինչև հոկտեմբերի կեսերը։ Կովկասյան լեռների վրացական հատվածում հինգ գագաթներ բարձրությամբ գերազանցում են Մոնբլանը։ Սվանեթի լեռնային շրջանի գագաթներից Ուշբա լեռը (4710 մ) համարվում է Կովկասի ամենադժվարանցելի լեռներից մեկը։ Խևսուրեթին, Խևին, Պշավին, Տուշեթին, Ռաչան և Սվանեթին համարվում են քիչ անցանելի և այդ պատճառով էլ գրավիչ են արկածային զբոսաշրջության սիրահարների համար։

Աղբյուրներ՝

encyclopedia.am

wikipedia.org

Оставьте комментарий