Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ: Այն գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ 35 հեկտար տարածքում տեղակայված է հսկայական անտառային այգի, որից 17.5 հա բնական անտառներ են, իսկ 15 հա զբաղեցնում են աճեցված դեկորատիվ բույսերը: Ստեփանավանի Դենդրոպարկը համագործակցում էր Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի և այլ քաղաքների հետ: Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Այնուամենայնիվ, արդյունքում միայն մոտ 500 տեսակ կարողացան հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին: Այգում այսօրվա դրությամբ ցուցադրված են 5000 տեսակի բույսեր, որից 1000-ը ծառեր և թփեր են: Ժամանակի ընթացքում Ստեփանավանի Դենդրոպարկ են բերվել բուսատեսակներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և Պորտուգալիայից, ինչպես նաև Թբիլիսիի, Կիևի, Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի բուսաբանական այգիներից:Ներկայումս այգին հասարակության, գիտնականների և էկոտուրիստների հետաքրքրության կենտրոնում է:
Դենդրոպարկում կհանդիպեք փոքրիկ փայտյա կամրջակի. համարում են, որ առաջին անգամ կամրջակն անցնելիս պահած երազանքներն անպայման իրականանում են։ Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա և ունի ցուրտ կլիմա։ Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550 մմ։ Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած։

Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1986-ին Էդմոն Լեոնովիչին թաղեցին հենց այս այգում։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։
Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։
Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։
Զբոսաշրջիկներից շատերն այստեղ են հասնում մեքենայով, ու հատկապես կեսօրից հետո այգու մուտքը վերածվում է ավտոկայանատեղիի, ինչը դժվարացնում է ոչ միայն հետիոտնի անցուդարձը, այլեւ հենց մեքենաների շարժը:

Աղբյուրներ՝
