(31.08.2021) Մենք այսօր կատարեցինք հրաշալի ուղևորություն դեպի Թռչկանի ջրվեժ։

Նախ նշեմ, որ ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ։ Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Այժմ Թռչկանի, որպես բնական հուշարձան, անձնագրավորման աշխատանքներ են տարվում։

Ճանապարհը երկար էր, 3 ժամ ավտոբուսով գնալուց հետո հասանք Մեծ Պառնի գյուղ, որտեղից էլ ճանապարհը շարունակեցինք բեռնատարով։ Բեռնատարով ճանապարհը ապշեցուցիչ էր և անմոռանալի, շատ զվարճալի անցավ։ Հասանք Շալոյի աղբյուրի մոտ, լցրեցինք մեր ջրերի պաշարները և շարունակեցինք ճանապարհը։ Հետո հասանք Չիչխան գետի մոտ, ճիշտն ասած շատ անսպասելի էր, երբ նոր կամուրջ էին սարքել Չիչխան գետի վրա ու մենք հեշտությամբ անցանք ու հասանք Թռչկանի ջրվեժ։
Ջրվեժը շատ գեղեցիկ էր ու հեքիաթային։ Մեր սովորույթի համաձայն մեքենայում խաղում էինք թմային խաղեր ու ժամանակը ուրախ էր անցնում։ Հատկապես ինձ դուր եկավ բեռնատարով երթևեկելը, ես այստեղ երկրորդ անգամ եմ գալիս։ Ամենահավեսն այն էր, որ սարերի ճանապարհները խորդուբորդ էին ու փոսերով լի, այնքան զվարճալի էր, կարծես ամերիկյան ատրակցիոն լիներ։



