Ալերգիկ ռեակցիաներ. ախտանիշներ

Ալերգիայի ախտանիշները, որոնք կախված են այս ռեակցիան առաջացնող պատճառից, կարող են ազդել ձեր շնչուղիների, քթային անցուղիների և հարքթային ծոցերի, մաշկի և մարսողական համակարգի վրա: Ալերգիկ ռեակցիաները կարող են ստանալ թույլից մինչև ծանր ընթացք: Սուր ալերգիկ ռեակցիայի որոշ դեպքեր կարող են նպաստել կյանքին սպառնացող ռեակցիայի զարգացմանը, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա:

Ալերգիկ ռեակցիայի ախտանիշները

Ալերգիայի ռեակցիայի կլինիկական նշաններն ու ընթացքը կախված են ալերգենից և դրա ազդեցության տեսակից: Դուք կարող եք նշել ամենատարբեր գանգատներ և այլ ախտանիշներ՝ կախված ալերգիկ ռեակցիայի «տեղային» դրսևորումից:

Ալերգիկ ռինիտ կամ հարբուխ

Ալերգիկ ռինիտը կարող է առաջացնել՝

փռշտոց

քթի, աչքերի կամ բերանի «առաստաղի» (քիմք) քորի զգացում

քթահոսություն կամ լցվածության, փակվածության զգացում

ջրակալած, կարմրած կամ այտուցված աչքեր (կոնյուկտիվիտ):

Սննդային ալերգիա

Սննդային ալերգիաները կարող են առաջացնել՝

բերանում ծակոցների զգացողություն

շրջունքների, լեզվի, դեմքի կամ ըմպան-կոկորդի այտուց

եղնջացան (մաշկի վրա շոշափվող, բաց վարդագույն, քոր առաջացնող տարրերի առաջացում, որոնք կենտրոնում գունատ են)

անաֆիլաքսիա (կյանքին սպառնացող վիճակ, որը կարող է բերել շոկի):

Միջատի խայթոցից ալերգիա

Միջատի խայթոցից զարգացող ալերգիան կարող է առաջացնել՝

խայթոցի տեղում այտուցված մեծ դաշտ

ամբողջ մարմնով տարածվող քոր կամ եղնջացան

հազ, կրծքավանդակի ձգվածություն, շնչելիս՝ խզզոցներ կամ շնչարգելություն (հևոց)

անաֆիլաքսիա:

Դեղորայքային ալերգիա

Որևէ դեղամիջոցի (օրինակ՝ հակաբիոտիկի) նկատմամբ ալերգիան կարող է առաջացնել՝

եղնջացան

մաշկային քոր

մաշկային ցանավորում

դեմքի այտուցվածություն

շնչելիս՝ խզզոցներ կամ շնչարգելություն

անաֆիլաքսիա:

Ատոպիկ մաշկաբորբ

Ատոպիկ դերմատիտը, որը կոչվում է նաև էկզեմա և իրենից ներկայացնում է մաշկի ալերգիկ հիվանդություն, կարող է առաջացնել՝

քոր (որն ուժեղանում է գիշերային ժամերին)

մաշկի վրա կարմիրից մինչև շագանակագույն-մոխրագույն օջախներ

հաստացած, կոպտացած և ճաքճքած ալրանման թեփոտ մաշկ

Անաֆիլաքսիա

Ալերգիայի որոշ տեսակներ, այդ թվում՝ սննդային և միջատի խայթոցից ալերգիաները կարող են խթանել գերսուր ալերգիկ ռեակցիայի զարգացում, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա: Անաֆիլաքսիան կարող է առաջացնել շոկ, որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
Անաֆիլաքսիայի ախտանիշներից են՝

գիտակցության կորուստ

արյան ճնշման կտրուկ անկում (հիպոտենզիա կամ կոլապս)

սուր շնչարգելություն

մաշկային ցան

գլխապտույտ կամ «աչքերի դեմը սևանալու» զգացում

հաճախացած և թույլ սրտազարկ (տախիկարդիա)

սրտխառնոց և փսխում:

Ե՞րբ դիմել բժշկին

Դուք կարող եք այցելել ձեր բժշկին, եթե ունեք ախտանիշներ, որոնք ըստ ձեզ կապված են ալերգիկ ռեակցիայի հետ և սովորական հակաալերգիկ միջոցներով չեն մեղմանում:
Եթե ձեզ մոտ կամ ձեր շրջապատում մեկնումեկի մոտ առկա է անաֆիլաքսիայի հասցնող սուր ալերգիկ ռեակցիա, առանց հապաղելու զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Աղբյուր

Оставьте комментарий