Առավոտյան ուրախ ժպիտով արթնացա ու վազեցի Սբ. Երրորդություն եկեղեցու մոտ, ուրախ էի որ նորից հեքիաթային Արատեսն ենք գնում, անցկացրեցնելու հիանալի ու անմոռանալի ժամանակ։ Ճանապարհը արդեն իսկ հավես էր, քանի որ պատուհանից տեսնում էի բարձր ու վսեմ սարերը, որոնց վրայից ձյունը չէր հալվել ու դեռ ճեպ֊ճերմակ էին։

Անդադար կարող եմ նայել սարերին ու նրանց վրայի գեղեցիկ նախշերին, որ կարծես ինչ֊որ մեկն էր փորագրել։

Վերջապես հասանք մեր գողտրիկ տնակները ու սկսեցինք մաքրման աշխատանքները։ Ամեն անգամ այստեղ գալուց անպայման զարդարում ենք տնակները ու մռայլ պատերին գեղեցկություն տալիս։

Այս անգամ էլ որոշել էինք ընկեր Մարիամի նախագծով ջահեր պատրաստել տնակները ավելի լուսավորելու համար։ Սիրում եմ երբ բոլորս միասնական ենք աշխատում։

Գործիքների շնորհիվ փայտերից գեղեցիկ ջահեր պատրաստեցինք ու ամրացրեցինք առաստաղին։ Անհամբեր սպասում էինք, որ միացնեինք լույսը ու տեսնեինք տնակի լուսավորությունը և ահա երբ արդեն պատրաստ էր, ուրախությամբ միացրեցինք։ Լույսը միացավ ու ամբողջ սենյակը լուսավորվեց։

Որպեսզի ավելի հարմարավետ դարձնեինք սենյակները, ընկեր Նելլիի հետ պատրաստեցինք նաև մոմեր։ Մոմերը ստացվեցին շատ գեղեցիկ ու բուրավետ։

Այնքան եմ սիրում Արատեսի բնությունը ու սարերը, մանավանդ գիշերվա աստղազարդ երկինքը, որ կարծես երկնքից փայլուն ադամանդներ թափվեն ու երբ ուշադիր նայում էի աստղերին ականատես եղա մի քանի աստղի ընկնելուն։ Երջանկությամբ երազանք պահեցի, քանի որ ասում են «երբ աստղ է ընկնում երազանք պահիր»։

Սիրում եմ Արատեսը իր հեքիաթային կյանքով, երբ բոլորս միասին թեյում ենք ու ջերմ զրուցում, երբ դրսում գիշեր է, իսկ մենք ներսում վառարանի կողքին ասում֊խոսում ենք ու ծիծաղում։
