
Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը: Մարքեթինգային գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պետք է նախ և առաջ հասկանալ հաճախորդի վարքագիծը, իմանալ, թե ինչ է նա սպառում և ինչու է պատրաստ գումար վճարել տվյալ ապրանքի կամ ծառայության համար: Շատ կազմակերպություններ մեծ ներդրումներ են կատարում շուկայի հետազոտության և հաճախորդների կարիքների բացահայտման համար: Բոլոր այս գործողությունների նպատակն է բացահայտել ապրանքների և ծառայությունների այն հատկանիշները, տեսքը և գինը, որոնք գրավիչ կլինեն թիրախային շուկայի համար: Գոյություն ունի թյուր կարծիք, որ մարքեթինգը ներառում է միայն գովազդը, մինչդեռ հաջողված գովազդի համար նույնպես պետք է ընտրել հաճախորդների ճիշտ թիրախ և ուղերձ՝ ապրանքի կամ ծառայության առավելությունները ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի փոքր աշխատանքները, ինչպես օրինակ՝ տեղեկատվական նամակների ուղարկումը, հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը կամ հանդիպումները պոտենցիալ հաճախորդների հետ նույնպես մարքեթինգի մաս են կազմում:
