Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։
Այն Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։
«Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց՝ բնակության և թանգարանի համար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով թանգարանը բացվեց միայն 1991 թվականի հունիսին, Փարաջանովի մահից մի տարի անց։

Թանգարանի հիմնադիր տնօրենը Զավեն Սարգսյանն է։ Թանգարանը Երևանի մշակութային կենտրոններից մեկն է, հայտնի է իր ցուցահանդեսներով, հրապարակումներով, պատվավոր ընդունելություններով։ Պաուլո Կոելիո, Վիմ Վենդերս, Միքայել Վարդանով, Տոնինո Գուերա, Էնրիկա Անտոնինի, Ատոմ Էգոյան, Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո, Եվգենի Եվտուշենկո, Արնոլդ Ռյուտե, Վալդաս Ադամկուս, Տարյա Հալոնեն, Դոնալդ Կնուտ այս և այլ հայտնի մարդիկ այցելել են թանգարան։
Թանգարանը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում։ Թանգարանի հավաքածուն կազմում են մոտ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։

Փարաջանովը խորհրդային իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականներն անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում։ Թանգարանում ցուցադրվում են նաև չհրատարակված սցենարներ, լիբրետոներ և զանազան գեղարվեստական գործեր, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում գտնվելու տարիներին։ Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն։
Ռոման Բալայանը թանգարանի մասին ֆիլմ է նկարահանել՝ «Գիշերը Փարաջանովի թանգարանում»։
Թանգարանը կազմակերպել է մոտ 60 ցուցահանդեսներ, այդ թվում Կաննում, Աթենքում, Տոկիոյում, Մոսկվայում, Հռոմում, Թեհրանում, Հոլիվուդում և այլուր։

Հասցե՝ «Ձորագյուղ» ազգագրական թաղամաս 15, 16
Հեռ.՝ +374 10 53 84 73
Աշխատանքային օրեր՝ ամեն օր
Աշխատանքային ժամեր՝ 10:30-17:00
Մուտքի տոմս՝ 1000 դրամ, 300 դրամ (ուսանողներ, թոշակառուներ), 200 դրամ (դպրոցականներ):
կայք
Քարտեզի վրա
Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ)

Ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար:

Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ ոճի թորոսյանական ընկալումն ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։

Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադ համալիրն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնադիր, բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։

Հասցե՝ գտնվում է Երևանի կենտրոնում Թամանյան 10 հասցեում։
Աշխատանքային օրեր՝ Ուրբ Շբթ Կիր Աշխատանքային ժամեր՝ 10:00-20:00
Հեռախոսահամար՝ +37410567262
Մուտքի տոմս՝
