Անկասկած, Հայաստանում գրեթե չկա մի անկյուն, որտեղից հնարավոր չէ տեսնել գեղեցիկ, բարձրաբերձ լեռները: Ամենուրեք սփռված են երկար ու ձիգ լեռնաշղթաներ, լանջեր և գագաթներ: Ժամանակին Հայաստանի լեռները տարրերից և նվաճողներից բնական պաշտպան էին հանդիսանում. այսօր այստեղ կազմակերպվում են քայլարշավներ, իսկ անմատույց ձյունածածկ գագաթների վերելքը մարտահրավեր ու նպատակ է դարձել էքստրեմալ սպորտի երկրպագուների և լեռնագնացների համար: Անհնար է պատկերացնել Հայաստանի բնությունը առանց լեռների. գեղատեսիլ գագաթները զարմացնում, գերում են այցելուներին և այստեղ կրկին վերադառնալու պատճառ են հանդիսանում:
1. Ուխտասար

Ուխտասարը, որը գտնվում է Սիսիան քաղաքի մոտ, անշուշտ, հասարակ լեռ չէ: Ուխտասարի լանջերը իրական հնագիտական թանգարան է բաց երկնքի տակ: Այստեղ Դուք կտեսնեք բազմաթիվ ժայռեր, որոնց վրա տեղ են գտել ավելի քան 2000 մարդկանց և կենդանիների հինավուրց պատկերներ: Ծղուկի լեռների ամենաբարձր գագաթն է: Բարձրությունը 3594 մ է: Խառնարանի տեղում տեղակայված է մի լիճ, որտեղ կլոր տարին կարելի է ձյուն տեսնել: Մարդիկ կան, որ սարը կապում են կենդանու հետ և պնդում, որ ճիշտն Ուղտասարն է, մյուսները պնդում են, որ ուղտ կենդանին անվան հետ որևէ կապ չունի, տարածքը եղել է ուխտատեղի այդ պատճառով էլ անվանել են Ուխտասար: Ըստ էության այստեղ ճիշտ ու սխալ չկա, քանի որ երկու տարբերակներն էլ կարող են ճիշտ լինել։ Փորձառությունը տևում է 5 ժամ, որից մոտ 3 ժամը ծախսվում է Ուխտասարի լիճ հասնելու և վերադառնալու ճանապարհի վրա։ Ասում են՝ զբոսաշրջիկներն առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում սովետական ամենագնացների նկատմամբ, հաճախ նաև՝ մեքենան անձամբ վարելու ցանկություն հայտնում։
2. Խուստուփ

Խուստուփ լեռը Խուստուփ-Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Լեռը գտնվում է Սյունիքի մարզում՝Կապանի մոտակայքում: Խուստուփ լեռան բարձրությունը 3205 մետր է: Այս լեռան լանջին Է թաղված հայ մեծ սպարապետ Գարեգին Նժդեհը: Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։ Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: Սովորաբար այս բարձունքի հաղթահարման համար անհրաժեշտ է լինում 2 օր, եթե ողևորությունը սկսվում է Երևանից։
3. Աժդահակ

Հնագույն հանգած հրաբուխը՝ Աժդահակը, Գեղամա լեռների ամենաբարձր կետն է (3597 մ): Գագաթին խառնարանային բյուրեղյա լիճ է տեղակայված. այստեղից նաև աննկարագրելի շքեղ տեսարան է բացվում դեպի Արագած, Արարատ, Հատիս և Արայի լեռներ: Աժդահակի լանջերին հայտնաբերվել են նաև որսի, արևի, լուսնի ու աստղերի ժայռապատկերներ: Լեռը մեկ օրում բարձրանալ հասցնելու նպատակով ճանապարհի առաջին մասը սովորաբար անցնում են արտաճանապարհային մեքենաներով, ինչն էլ արշավային այս տուրը դարձնում է առավել հետաքրքիր: Իսկ ընդհանուր քայլարշավը տևում է 6-8 ժամ, եթե նույնիսկ հմուտ լեռնագնաց չեք: Վերելքի հարաբերական բարձրությունը՝ 600 մ։ Արշավի ընթացքում կարելի է տեսնել Վանքի լիճը,Գեղամա ժայռապատկերները, Աժդահակի խառնարանային լիճը, Վիշապաքարերը։
4. Արագած

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է (4090 մ), իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Արագածը քառագագաթ հանգած հրաբուխ է: Ամենաբարձր գագաթը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ: Գագաթների միջև ընկած է 350մ խորությամբ և 3կմ լայնությամբ խառնարանը, որը հարավարևելյան կողմի էրոզիոն բացվածքով կապվում է շրջապատին: Լեռը հայտնի է նաև իր անոմալ գոտիով, որտեղ ջուրը հոսում է ներքևից վերև, իսկ մեքենաները, առանց շարժիչը միացնելու, ինքնուրույն են առաջ սլանում: Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արա Գեղեցիկ արքայի հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր): Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Մերձգագաթային գոտում ամռանը զով է, լինում են նաև ցրտեր: Ձմեռը երկարատև է, խիստ ու ձնառատ: Վերելքի համար առավել հարմար ժամանակը հուլիս-օգոստոս ամիսներն են։
5. Իշխանասար

Իշխանասարը Սյունիքի մարզի գեղատեսիլ լեռնաշղթաներից է, որի ամենաբարձր գագաթը Մեծ Իշխանասարն է (3550 մ): Լեռան լանջին տեղակայված է Սև լիճը, որտեղ բազմացվում է է հայկական «Իշխան» ձուկը: Գագաթից Սև լիճ 6 կմ է: Ամռանը լճի ջուրը այնքան է տաքանում, որ այստեղ բավականին հաճելի է լողալ: Սև լճից արևելք Սագի լիճն է: Սագի լիճը նախորդից անհամեմատ փոքր է. Ամռանը դառնում է սակավաջուր: Սև լճում 1968 թվականից բազմանում է իշխան: Սագի լճի շուրջը ցրված են փարախներ: Լճից սկիզբ է առնում Խոզնավար գետակը: Իշխանասար նշանակում է «իշխանական լեռ», և, իսկապես, բնությունն այստեղ ինքնին ազնվական և փառահեղ է: Այստեղ սպասվում է մի փոքր բարդ վերելք։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սյունիքի հրաբխային բարձրավանդակը: Մի կողմում Ծղուկն ու Թրասարը, մյուս կողմում փռված էր Արցախ աշխարհը, Սյունիքի գյուղերը: Ճանապարհն անցնում է ալպիական մարգագետիններով: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, սակայն սարերի հովն ուղեկցում է ողջ ճանապարհին:
6. Արտանիշ

Արտանիշ (2461 մ) լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանի հյուսիս-արևելյան ափին: Այս բնական տեսարժան վայրը առանձնանում է նրանով, որ գագաթից Ձեր առջև բացվում է լճի և հարակից լեռնաշղթաների աննախադեպ գեղեցիկ տեսարանը: Սևանի լեռնաշղթայից բաժանված է ջրաբերուկային հարթությամբ: Ափերին կան լճային դարավանդների հետքեր: Կլիման չափավոր ցուրտ և խոնավ է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, մասամբ՝ անտառաթփուտային: Արտանիշը միակ կետն է, որտեղից կարելի է Սևանը տեսնել ամբողջ չափով: Արտանիշ լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը հիասքանչ:
7. Թեղենիս

Թեղենիս լեռը (2851 մ) նույնպես սիրված երթուղիներից է հանդիսանում: Գտնվում է Կոտայքի մարզում: Լեռան լանջերից մեկի վրա կարող եք տեսնել միջնադարյան շքեղ Թեղենյաց վանքը, իսկ հակառակ լանջին՝ գեղեցիկ Ծաղկունյաց լիճը: Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ: 3 կմ բարձրունք հաղթահարելուց հետո կհասնեք Թեղենիս լեռան լանջին գտնվող Թեղենյաց վանքը, որը շրջապատված էր թեղիների բացատով։ Այն միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից մեկն է, և գտնվում է Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա։ Թեղենյաց վանքը եղել է երկգմբեթ, այն Սբ․ Աստվածածին և Կաթողիկե եկեղեցիներն էին։ Ցավալի էր, որ այն հիմնովին ավերվել է երկրաշարժից։

Կաթողիկե եկեղեցու ամենաուշագրավ հատվածը բեմի ճակատային մասն է։ Շատ գեղեցիկ նախշազարդեր էին վրան փորագրված։
8. Արա լեռ

Արայի լեռ հանգած հրաբուխը գտնվում է Արագածի հարավ-արևելքում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2605 մ է: Ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ: Լեռնագնացների կողմից սիրված գագաթներից մեկն է այս հանգած հրաբուխը: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող ժայռազանգվածը, որը անվանում են նաև Աքլորաքար (2511 մ) :Արա լեռան աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա: Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը տեղակայել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Վերելքը Արայի լեռ իրականացնում են տարբեր երթուղիներով։ Մեծամասնությունը իրականացնում է վերելք լեռան գագաթ հարավային լանջով և իջնում ժայռոտ, անտառապատ ձորակի միջով դեպի Ծաղկեվանք։ Արա լեռան վրայից շատ գեղեցիկ երևում է ձյունածած Արագած լեռը։
9. Հատիս

Հատիս լեռը նույնպես շատ հայտնի զբոսաշրջային ուղի է: Հատիսն ունի հրաբխային ծագում: Հատիս լեռան բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան երկրորդ անվանումը Շամիրամ է, որը կապում են հպարտ թագուհու մասին լեգենդի հետ: Լեգենդի համաձայն, սա այն վայրն է, որտեղ Շամիրամի զորքերը հանգրվանեցին, երբ մերժված թագուհին պատերազմ սկսեց Արա Գեղեցիկի դեմ: Կոնաձև է, լանջերը՝ կտրտված ձորակներով: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է Քառասունակն աղբյուրների խումբը, որտեղից սկիզբ է առնում Երևան քաղաքի առաջին ջրմուղը: Հատիս լեռը հատուկ այն զբոսաշրջիկների համար է, ովքեր ցանկանում են իրենց ճանապարհորդությունը լցնել անմոռանալի տպավորություններով և բնության շքեղ տեսարաններով: Լեռան գագաթին կարելի է տեսնել գետնափոր մի խուց, որին լեռնագնացները Հատիսի քարարնձավ են անվանում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է:
10. Արարատ

Չնայած այն հանգամանքին, որ լեռը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, այն շարունակում է մնալ Հայրենիքի խորհրդանիշ ամբողջ աշխարհի հայության համար: Արարատի գեղեցկությունը դժվար է բառերով նկարագրել: Հայաստանի մայրաքաղաքի գրեթե բոլոր անկյուններից կարելի է տեսնել ձյունածածկ գագաթները: Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ): Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165 մ) և Սիս (3925 մ): Այն գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Հայաստանի Հանրապետությունից 32 կմ հեռավորության վրա: Հարաբերական բարձրությամբ (4300 մ) Մասիսն աշխարհի ամենաբարձր գագաթն է: Արարատը գտնվում է Արևելյան Հայաստանում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում: Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո: Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա: Արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության: Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր: Խորհուրդ է տրվում Արարատ բարձրանալ Ամռան ամիսներին։
