Գենդերը վերաբերում է այն ընկալումներին, զգացմունքներին և վարքին, որը տվյալ հասարակությունն ասոցացնում է անձի կենսաբանական սեռի հետ: Այլ կերպ ասած, գենդերը սոցիալապես ամրագրված, այսինքն` հասարակության մեջ ընդունելի վարքն է, որը վերագրում են կանանց և տղամարդկանց: Տղամարդու և կնոջ սոցիալական և մշակութային հատկանիշները ժամանակի ընթացքում փոփոխվում են: Օրինակ` մշակութային հատկանիշ է հանդերձանքը, իսկ տղամարդիկ և կանայք տարբեր ժամանակաշրջաններում կրում էին տարբեր տեսակի հագուստ:
Նախկինում կանանց սոցիալական կարգավիճակը թույլ չէր տալիս մասնակցել քաղաքական ընտրություններին, մինչդեռ այժմ կանայք հավասարապես կարող են նախագահ կամ այլ քաղաքական գործիչ ընտրել: Գենդերն անվանում են ձեռքբերովի վարք, քանի որ և՛ տղաները, և՛ աղջիկները սովորում են այն վարքը, որը հասարակությունն է թելադրում իրենց: Օրինակ` տղաներին մեծամասամբ սովորեցնում են զսպել էմոցիաները (չլացել), լինել ավելի կոպիտ, ընտրել տեխնիկական մասնագիտություններ, իսկ աղջիկներին թույլատրվում է ազատորեն արտահայտել էմոցիաները, նրանց սովորեցնում են լինել համեստ և ընտրել հումանիտար ուղղվածությամբ մասնագիտություններ:
Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը (գենդերային հավասարություն). վերաբերում է կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների հավասար իրավունքներին, պարտականություններին և հնարավորություններին: Հավասարություն չի նշանակում, որ կանայք և տղամարդիկ պետք է նույնը դառնան, այլ նշանակում է, որ կանանց և տղամարդկանց իրավունքները, պարտականություններն ու հնարավորությունները չպետք է հիմնված լինեն այն փաստի վրա, արդյոք նրանք տղամարդ թե կին են ծնվել:
