Կասկադ
Կասկադ համալիրը կառուցվել է 1970 թվականին։ Այն Երևանի կենտրոնը կապում է Հաղթանակ զբոսայգուն, որտեղ էլ գտնվում է Մայր Հայաստան արձանը։ Կասկադի վերևից բացվում է հրաշալի տեսարան՝ քաղաքի կենտրոնը, շենքերն ու այգիները։ Կասկադն ունի մոնումենտալ արտաքին աստիճաններ, իսկ ներսում կան ամբողջ երկայնքով ձգվող շարժասանդուղքներ։ Կասկադ համալիրի ներսում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ ցուցադրված են ժամանակակից արվեստի գործեր, տեղի են ունենում ֆիլմերի ցուցադրություներ, ինչպես նաև իրականացվում են տարբեր միջոցառումներ և՛ փոքրերի, և՛ մեծահասկաների համար։ Կասկադ համալիրը զարդարված է կանաչ տարածություններով ու ծաղիկներով, շատրվաններով և դրանց շրջակայքում գտնվող յուրահատուկ քանդակներով ու արձաններով։ Կասկադում են գտնվում նաև երևանյան ամենամտերմիկ ու գեղեցիկ դիզայնով սրճարաններ։
Կասկադը Երևանի այցեքարտերից մեկն է, այն սիրելի ու հարազատ է տեղացիների համար, և առաջին վայրն է, ուր այցելում են զբոսաշրջիկներն ու քաղաքի հյուրերը։
Կասկադի աստիճանները 572-ն են։
Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը Ալեքսանդր Թամանյանն է: Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով։
Թամանյանից հետո նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։
Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972 թվականին: Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից: Շինարարական աշխատանքները սկսվեցին չորս տարի անց՝ 1976 թվականին։
Նախագծելով Կասկադը՝ հեղինակ – ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի առանցքը, որը կոչվում էր նաև «Հյուսիսային ճառագայթ»։
Թամանյանի արձանը բացվեց 1974 թվականին, հեղինակ Արտաշես Հովսեփյանը աշխատել է քանդակի վրա մոտ 4 տարի։
Երեք քարերը, որոնց հենվել է Թամանյանը, խորհրդանշական են. ձախ կողմի քարը` հին ճարտարապետությունն է, աջինը` նոր ժամանակաշրջանինը, իսկ մեծագույն ճարտարապետ Թամանյանը կամուրջ է կերտում այդ երկու ժամանակաշրջանների միջեւ։
Սակայն 1988 թվականին Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Դրանք ծանր տարիներ էին Հայաստանի տնտեսության համար, ուստի Կասկադի շինարարությունը առժամանակ հետաձգվեց։
Միայն 2002 թվականին հայ բարեգործ Գաֆեսճէանի նախաձեռնությամբ Կասկադի կառուցումը նորից կյանք առավ և հաջորդող 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց։
Այժմ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և քանդակներ, իսկ համալիրի վերևում տեղակայված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրը կամ պարզապես Համալիրը՝ ամենամեծ մարզահամերգային համալիրն է Հայաստանում։ Այն գտնվում է Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Հրազդանի Կիրճի մոտ։ Այն կազմված է երկու մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։ Սպորտային սրահը պաշտոնապես բացվել է 1983 թվականին, իսկ համերգայինը՝ մեկ տարի անց։
Համալիրը անվանվել է հայտնի հայ քաղաքական գործչի և ազգային հերոսի անունով։ Այն ունի յուրահատուկ տեսք, որը հիշեցնում է թևերը բացած թռչյուն: Ճարտարապետների և ինժեներների խումբը պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով եզակի ճարտարապետական հուշարձանի համար։
Համալիրի յուրահատկություններից մեկը դրա 1008 տեղանոց սրահն է, որը հնարավոր է հեշտությամբ ընդարձակել՝ բեմահարթակը պտտելով։ Համալիրի գլխավոր սրահը բաղկացած է 6000 տեղից, բայց կարող է ընդլայնվել մինչև 8800-ի։
Այստեղ համերգներ են տվել Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Դեմիս Ռուսոսը, «Լա Սկալա»-ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Յան Գիլանը, Բոննի Էմը, Յանին և այլոք։
