Արգենտինական տանգո

Տանգոն այսօր իր մեջ կրում է ճաշակ, որակ, բարձրաշխարհիկ էլեմենտներ: Իսկ գիտեի՞ք, որ նախկինում տանգո պարում էին Բուենոս Այրեսի պոռնկանոցներում և աղքատների հավաքատեղիներում: Այո՛, այո՛, մի՛ զարմացեք: Այն սկզբում համարվում էր ցածր խավի պար:
Իսկ սկիզբ ասելով` նկատի ունենք հեռավոր 1800-ականների վերջն ու 1900-ականների սկիզբը, երբ զանգվածային միգրացիայի արդյունքում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես լցվեցին տարբեր տեղերից ժամանած բազմաթիվ ստրուկներ, ովքեր կարողացան ազդեցություն ունենալ տեղի մշակույթի վրա:

Աֆրիկյան տանգանոյի ռիթմը, արգենտինական միլոնգան, հավանայի հաբաներան, իսպանական ֆլամենկոն, հնդկացիների ծիսական պարերը, լեհական մազուրկան, գերմանական վալսը միաձուլվեցին հայրենիքի կարոտի, դժբախտ սիրո, կրքի և միայնության հետ` ստեղծելով տանգոն:
Ու պատահական չէ, որ տանգոն համարվում է նաև միայնակների ու տխուր պար, քանի որ այն սկզբնական շրջանում պարում էին տնից-տեղից կտրված աղքատ միայնակները, ովքեր գաղթել էին Արգենտինա՝ իրենց համար ավելի լավ բախտ որոնելու:
Ասում են՝ հենց տանգո բառն ունի աֆրիկյան արմատներ և նշանակում է <<փակ տարածք>> կամ <<պատվիրված տեղ>>: Ոմանք էլ պնդում են այդ բառի` պորտուգալերեն արմատների մասին. լատիներեն <<տանգուերե>>, որ նշանակում է հպվել:

Աֆրիկյան ստրուկներն ու ազատ սևերը հավաքվում էին իրենց հավաքատեղիներում և իրար հպվելով պարում տանգո: Չնայած բարձրաշխարհիկ հասարակությունը վերևից էր նայում տանգո պարողներին ու այդ վայրերին, սակայն հարուստ տղաները դեմ չէին գնալ այնտեղ ու զվարճանալ տանգո պարող կանանց հետ:
Տանգոյի պատմության մեջ առանձնանում են մի քանի հոգի, որոնք նպաստել են դրա զարգացմանը․․․
ՊԱՍԱԴՈԲԼ

Պասոդոբլը իսպանական պար է, որը կապվում է ցլամարտի հետ (կորիդա)։ Նախկինում այս պարն անվանվել է «իսպանական մեկ քայլ», քանի որ քայլերը բաժանվում են մեկ հաշվի հետ։ Պարող զույգի մեջ տղան մարմնավորում է ցլամարտիկին, իսկ աղջիկը՝ նրա մուլետան (մատադորի ձեռքի կարմիր կտորը) կամ ցուլը։ Երաժշտությունը նույնպես համապատասխանում է ցլամարտի երաժշտությանը։ Առաջին ցլամարտերը անցկացվել են Կրետե կղզում, բայց միջնադարում նրանք մեծ տարածում են ստացել նաև Իսպանիայում։ Պասադոբլ պարը առաջին անգամ կատարվել է Ֆրանսիայում 1920 թ.:
1930-ականներին այն արդեն մեծ հեղինակություն ուներ Փարիզի բարձր հասարակության շրջանում։ Այդ պատճառով էլ պարի մեջ շատ քայլեր ու ձևեր ֆրանսերեն անվանում ունեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս պարն ընդգրկվել է լատինոամերիկյան պարերի ծագման մեջ։ Պասադոբլի առանձնահատուկ գիծը պարողների մարմնի դիրքն է. բարձր պահված կրծքավանդակ, գլուխը՝ հստակ ֆիքսված դիրքում, իսկ որոշ շարժումներում այն թեքվում է վեր ու վար։ Մարմնի նման դիրքը համապատասխանում է ցլամարտիկի շարժումների բնույթին։ Շարժումներն ինքնին մեկնաբանվում են որպես ցլամարտիկի և ցլի պայքար
Ֆլամենկո

(իսպ.՝ Flamenco), իսպանական ժողովրդական երաժշտական պարային ոճ է: Ծագել է Անդալուզիայում։ Ունի երեք բաղկացուցիչ մաս՝ տոկա (երաժշտական ուղեկցություն), կանտա (երգ), բայլա (պար)։ Համապատասխանաբար կատարողներն անվանվում են տոկաոր, կանտաոր և բայլաոր։ Սովորաբար ֆլամենկո պարը և երգը ուղեկցում են կիթառը և պերկուսիան, կաստանյետները, ռիթմիկ ծափը (պալմաս)։ 2010 թվականին նոյեմբերի 16-ին ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտի կարգավիճակ։

Ֆլամենկոն ծագում է մավրիտական երաժշտական մշակույթից։ Այս ոճի վրա մեծապես ազդել է նաև գնչուական երաժշտությունը։ Շատերը համարում են իսպանական գնչուներին այս ոճի հիմնական ու իրական կրողներ։ 15-րդ դարում փլուզվող Բյուզանդիայից գնչուները եկան Իսպանիա, բնակություն հաստատեցին երկրի հարավային մասում՝ Անդալուսիա գավառում։ Ըստ իրենց սովորույթի՝ նրանք սկսեցին վերցնել ու նոր իմաստ տալ տեղի երաժշտական ավանդույթներին, ինչպիսիք են մավրիտանականը, հրեականը և հենց իսպանականը։ Այս միաձուլման արդյունքում ծնվեց ֆլամենկոն։

Երկար ժամանակ ֆլամենկոն համարվում էր «փակ արվեստ», քանի որ գնչուները ապրում էին մեկուսացված. ֆլամենկոն զարգանում էր նեղ շրջանակներում։ Սակայն XVIII դարի վերջում գնչուների հալածանքները վերջացան, և ֆլամենկոն դուրս եկավ տավերնաների և կանտանտե սրճարանների միջավայրից, դարձավ ազատ։
Ֆլամենկոյի ստեղծագործական բնույթը, դժվար ռիթմը և կատարման հատուկ տեխնիկան հաճախ խոչընդոտում են նրա ճշգրիտ գրառմանը։ Դրա համար էլ կիթառահարների, պարողների ու երգիչների մշակույթը սովորաբար փոխանցվում է ուսուցչից աշակերտին։
