Աշոտ Բ Երկաթ Բագրատունի

Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը (914–929 թթ.) վերականգնել է Հայաստանի
անկախությունն ու միասնականությունը և 922 թ-ին ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց:

20200522_0145182909959858723811583.jpg

Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի (հաջորդել է իրեն) հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն (այժմ՝ Թբիլիսի) ու ջախջախել արաբական կայազորը: 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղվա (Քեղա) ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը:
Պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) վկայությամբ՝ Աշոտ Բ-ն Երկաթ մականունն ստացել է հանուն հայրենիքի ազատագրության մղած պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար:
Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը` «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը` «Աշոտ Երկաթ» պատմավեպերում:
Մանթաշաբերդ / բերդ Տավուշի մարզում
Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի ամրոց

Շատերը կարծում են, թե քանի որ նա անհողդողդ, երկաթյա կամք է դրսևորել ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքարում, քանի որ հիմնականում չի ընկրկել այդ դժվարին ու հաճախ անհուսալի գոտեմարտում, այդ պատճառով էլ ժողովուրդը նրան «Երկաթ» պատվանունն է տվել: Այս թյուր կարծիքի ձևավորման ու տարածման «մեղավորը» Ստեփանոս Տարոնեցի կամ Ասողիկ պատմիչն է: Նրա վկայությամբ՝ Աշոտ 2-րդը «Երկաթ» պատվանունն ստացել է հայրենիքի ազատագրության համար մղած պայքարում ցուցաբերած քաջության ու տոկունության համար: Մինչդեռ բոլորովին այլ հանգամանքներում է մեր այս թագավորի անվանը «երկաթ», ասել է, թե «երկաթակուռ» ածականը հավելվել:

Արդ, «Երկաթ» -ի ծագման պատմությունը հետևյալն է:

Բյուզանդացի պատմիչ Թեոփանեսի Շարունակողը գրում է.

«Երբ բուլղար Սիմեոնը սկսեց Թրակիայում դարձյալ ասպատակ սփռել, և կայսրուհին ու ղեկավար մարդիկ մտածմունքի մեջ էին՝ ինչպես սանձեն նրա ամբարտավանությունը, Հովհաննես Բոգասը խնդրեց իրեն պատրիկ դարձնեն, դրա դիմաց խոստանալով Սիմեոնի դեմ հանել պածինակներին: Նրա խնդրանքին ընդառաջ գնացին, և նա, նվերներ ստանալով, գնաց պածինակների երկիրը, նրանց հետ դաշինք կնքեց և այնտեղից պատանդներ ստանալով՝ բերեց քաղաք: Պածինակները համաձայնվեցին անցնել Դանուբ գետը և պատերազմել Սիմեոնի դեմ:

Այդ օրերին քաղաք /Կոստանդնուպոլիս/ եկավ իր ֆիզիկական ուժով մեծ անուն հանած Աշոտը՝ իշխանաց իշխանի որդին (ըստ Նիկողայոս Ադոնցի հաշվումների՝ Աշոտ Երկրորդը Կոստանդնուպոլիս է եկել 914 թվականի սեպտեմբեր ամսից առաջ): Նրա մասին պատմում են, թե նա երկաթի ձողը երկու ծայրից բռնելով՝ իր ամեհի ուժով ծռում էր այն և շրջանաձև դարձնում. Երկաթի ամուր բնությունը տեղի էր տալիս նրա ձեռքերի հզորությանը: Երբ նա քաղաք մտավ, նրան մեծ պատվով ընդունեց տիրուհին (Զոե թագուհին` Կոստանդին Ծիրանածինի մայրը) և ապա ճամփու դրեց դեպի իր երկիրը»:

Оставьте комментарий