Հեռավար-առցանց․16-20.Սելեկցիա

Ձևեր

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Զարգացում

Սելեկցիայի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեն նաև սաղմնաբանությունը, փոշոտման և բեղմնավորման կենսաբանությունը, հյուսվածաբանությունը և մոլեկուլային կենսաբանությունը։Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խաչասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ սելեկցիայի հիմնական մեթոդներից են։

Գիտատեսական հիմք

Սելեկցիայի գիտատեսական հիմքը գենետիկան է։ Այն սերտորեն կապված է կարգաբանության, անատոմիայի, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, բույսերի և կենդանիների էկոլոգիայի, կենսաքիմիայի, իմունոլոգիայի, բուսաբուծության, անասնաբուծության (զոոտեխնիկա), ֆիտոպաթոլոգիայի, միջատաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։

Оставьте комментарий