
Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Եղիշե Չարենցի ոդիսականը

Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է Մակուից (քաղաք` Իրանում) Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում: 1908–12 թթ-ին սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916–17 թթ-ին՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922 թ-ին, որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:




Բանաստեղծություններ
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
1915
Կյանքը
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, — երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, — օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
Հայաստանին
Հազար ու մի վերք ես տեսել, — էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի´ կը տեսնես:
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի´ կը տեսնես:
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի´ կը տեսնես:
նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի´ կը տեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի´ կը տեսնես:
ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …
Չարենցի ստեղծագործություններից.
«Տաղարան» շարքը «Հարդագողի ճամփորդներ» չափածո բալլադը,«Գանգրահեր տղան» պոեմը:
![Егише Чаренц (настоящее имя — Егише Абгарович Согомонян; 13 [25] марта 1897, Карс, Российская империя (ныне Турция) — 27 ноября 1937, Ереван) — Выдающийся армянский поэт, прозаик и переводчик. Классик армянской литературы. Ереван, Армения](https://im3.turbina.ru/photos.4/2/7/5/5/9/2595572/big.photo/Egishe-Tcharents-nastoyatstchee.jpg)
Հուշեր Չարենցի մասին՝
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Չարենցի և Արմենուհի Տիգրանայանի սիրո պատմությունը
Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն
Գուրգեն Մահարու հուշերը՝ «Չարենց — նամե»
Հայ նկարիչ Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին՝
«Ես իմ անուշ Հայաստանի»-ն բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին … Դա մեր ազգային կենսագրության ու վարքի կենդանի արտացոլանքն է»:
Հայ գրող, գրականագետ Արշակ Չոպանյանը Չարենցի մասին՝
«Չարենց հայ հանճարի նոր հաստատում մըն է ու նույն ատեն՝ բարեգուշակ նշան մը հայ ցեղի հոգեկան զորացման»:
Դերասան Վահրամ Փափազյանը Չարենցի մասին՝
«Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ: Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ: Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում»:
Հայ նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակը Չարենցի մասին՝
«Չարենցը հեղափոխության ոչ միայն մեծատաղանդ երգիչն էր, այլև մեծատաղանդ հեղափոխական էր երգի մեջ: Դա պաշտոնների համատեղություն չէր, այլ տարերքների համընկնում»:
Ֆիլմերի դիտում
Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան: Հանճարեղ բանաստեղծի կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել: Բանաստեղծի մահվանից 75 տարի անց՝ չարենցյան ողբերգության հեռուստատեսային տարբերակը՝
Առաջադրանքներ
1.Եղիշե Չարենցի բանաստեղծություններից ընտրիր քեզ դուր եկածը, կարդա, ձայնագրիր, ընթերցումդ տեսաֆիլմ դարձրու և դիր քո բլոգում։
2.«Տաղարան» շարքը կարդալուց հետո բանաստեղծություններից դուրս գրիր բարբառային ձևեր և արտահայտություններ, ո՞ր բարբառի և հեղինակի նմանողությամբ է գրված շարքը: Սայաթ-Նովայի
- հդըս, տալղա, գեմիս, կու մեռնիմ, չիս տեսնի,
- Սայաթ-Նովեն, էկավ, ձեռին, երգեր ասավ,
- խաս, գոզալ, օսկեկարած, մե , օսկե մազ, էրեց, էշխ,
- բաղ, մեջը, էնքան, ըլի, մե-մե,
- Գյուրջստան, լեն, քուչա, վրեն, չիքիլա, կեցած,
- կուզեմ, հիմի, փչե, ըլիմ, էգուց, ֆայտոն, երթամ, սուփրա, ազիզ,
- դուքանդար, դուքան, գովքդ արի, ճամփես կտրեց, խալխ, նոքար,
- բլբուլ, յար, կասե, կըլին, կթացվի, կըլի, կթալվի (խունկը),
- ռանգ-ռանգ, ըլի(ն), բախչա, Ֆռանգստան, Վ՜ամ քեզ, դաղ,
- անե, ասի(ն), ուզեցի, միջին, ախար, ծվատ, խնդացին,
- կերթամ, պատկերք, մախմուր, կառնեմ
- հերք
3.Բանաստեղծի կյանքին, ստեղծագործությանը ծանոթանալուց հետո գրիր շարադրություն «Իմ Չարենցը» վերնագրով:
4.Բլոգդ հարստացրու Չարենցի մասին պատմող հետաքրքիր նյութերով, հուշերով, նամակներով:
Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Ամենասիրելի Հովհ. Թումանյանին
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:
Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:
Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:
Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:
Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:
Ձեր` Եղիշե Չարենց
Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.
«Օգնեցե՜ք ինձ». Եղիշե Չարենցի նամակը
Թանկագին Մարիետա Սերգեևնա.
Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների և պոեմների նոր գիրք՝ 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին:…Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական և…
ընկ. Խանջյանի՝ բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի քարտուղարության անունից արգելեցին որպես հակահեղափոխական, իսկ ինձ էլ, առանց պատճառների որևէ բացատրության, դուրս վռնդեցին պետհրատից:
Մեր ամբողջ մտավորականությունը այդ օրերին ցնորվածի նման էր,վախեցած իր գլխի համար,բացահայտորեն վայրի, անիմաստ տեռորի հոտ էր գալիս, որի նմանը չեք գտնի Խորհրդային Միության ոչ մի վայրում…պատկերացնում եք արդյո՞ք, թե ինչ պիտի վերապրեի ես այդ օրերին՝ չէ որ ես այդ օրերին կարող էի սպանել թե՛ ինձ, թե՛ իմ ընտանիքը, խելագարվել. զարմանում եմ, որ դա չպատահեց ինձ հետ:
… Օգնեցեք Ձեր կրտսեր գրչեղբորը… Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ: Առանց Ձեր ազնիվ պաշտպանության նրանք ինձ կուտեն: Դուք ավելի լավ եք պատկերացնում մեր երկրի ամբողջ հետամնացությունը: Չ՞է որ Ձեզ նույնպես ուզում էին կործանել, բայց նաիրյան աղիքը շատ նեղ գտնվեց այնպիսի մեծ մարդու համար, ինչպիսին Մ. Շահինյանն է: Բայց ինձ կարող են կործանել շատ հեշտ: Դուք դա ինձնից լավ եք հասկանում: Այդ իսկ պատճառով շատ եմ խնդրում, հանուն այն լավ վերաբերմունքի, որ Դուք առ այսօր ցուցաբերում եք մեր մշակույթի ու գրականության մեջ ամեն մի արժեքավորի հանդեպ, օգնեցեք ինձ: Եվ կրկին վերջին անգամ, աղաչում եմ, օգնեցեք ինձ:
1933թ.Երևան
5.Չարենցի կերպարըը հայ գեղանկարչության մեջ: Համացանցից գտիր հայ նկարիչների՝ Չարենցին պատկերող նկարներից, գրիր քո խոհերը, մտորումները:
Նկարել է Մարտիրոս Սարյանը՝

Նկարել է Գրիգորյան Ստեփանի Գևորգը ՝

Սա չգիտեմ ով է նկարել՝

