
Իմ երգը
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
*****
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Թումանյանն իր մասին
Ամենից առաջ…պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս, գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում…Ուր մուտ են գործել բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք և հարգանք եմ նկատում դեպի ինձ, բյաց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այդ վերաբերումներին։Ես կրկնում եմ, շատ համեստ կարծիք ունեմ իմ ոտանավորներիս մասին և տեսնելով այսքան համակրանք-շփոթված եմ։Ես չեմ ուզում վերապրել իմ երախայրիքները-պատանեկան անփորձ գործերն են, և ավելի շատ պակասություններ ունին-քան արժանիքներ։…Ես առաջ եմ գալիս ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովուրդից, ուր ինձ բանաստեղծ է արել ճակատագիրը ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ։…Ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ որովհետև զգում եմ իմ հոգու, իմ բարոյական ամբողջության վրա…։Քառյակները շատ ուժեղ շտրիխներներ են, դրանք իմ հոգու կեսնագրություններ են։Կյանքս արի հրապարակ…Ճի՛շտ որ հրապարակ-Պոլիս գնալիս ճամփին եմ գրել:Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը։
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
ՄԵՐ ՈՒԽՏԸ
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1903
Մարոն
I
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։
II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․
Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․
III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։
IV
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր․․․
V
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։
VI
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․
― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․
VII
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը։
VIII
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։
IX
Շատ ամիսներ անց կացան․․․
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։
X
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։
XI
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։
1887
Լոռեցի Սաքոն
I
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։
Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,
Նայում է ձորին մի հին խաչարձան։
II
Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։
III
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։
Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար․․․
IV
Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.
― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն ջահել հարսն-աղջիկ։
Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․
V
Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,
Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց․․․
Ականջ դըրավ նա․․․
VI
― Ո՞վ հող թափեց բուխուրակից․
Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև․․․
― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․
Պատասխան չըկա․ լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում։
― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
Ձեն — ձուն չկա։
Միայն ահավոր լըռության միջում
Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․
Քընած է աշխարհ, քընած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․
Աչքերը հանգչող կըրակին հառած՝
Ծանըր է շնչում հովիվն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ
Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մըտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․
VI
Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,
Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.
― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։
Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․
Ես էլ ազիզ բարեկամ․․․
VII
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․
1889-1902
