Վահան Տերյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

*****

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

1908

Արտասանություն՝

*****

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքդ հստակ

Բանաստեղծությունը կարդում է Ազատ Մալխասյանը՝

*****

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։

Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
1905թ․

Վահան Տերյանի վերջին բանաստեղծությունը

Գրողն այն թղթին է հանձնել 1919 թվականի նոյեմբերին Սամարայում:

«Գինով եմ, գինով եմ ես էլ»…

Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։

Պոետ մի անտեր ու անտուն
Գիտեմ ես կորա՛ծ եմ, կորա՜ծ.
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում
Օ, երա՜զ է, երա՜զ ու երա՜զ…
Ինչ քաղցր է նստել այստեղ,
Ու ժպտալ քո խոսքին սեթևեթ…
Իսկ ներսում իմ, ներսում մի ասեղ
Ասեղում է՝ ննջե՜լ առհավետ…
Պարում են, երգում, վետերում,
Սահում են եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Ու ժպտաս՝ «հանգա՜վ ի տեր»…

Մեծերը Վահան Տերյանի մասին

«…Եվ նորից կզգանք, որ

Մեր սրտին դու մո՛տես

Մորմոքող հրի պես մեր

Հիվանդ արյան,

Որ լուսե երգին քո մեր

Հոգին կարոտ է,

Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,

Վահան Տերյան…»:

Եղիշե Չարենց

«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:

Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:

Պարույր Սևակ

«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:

Ավետիք Իսահակյան

«Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտա եվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:

Վալերի Բրյուսով

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

Հովհաննես Թումանյան