17 հիշարժան փաստ Փարաջանովի մասին
1. Իոսիֆ (Հովսեփ) Փարաջանովը՝ Սերգեյի հայրը, նախահեղափոխական Թբիլիսիում համարվում էր ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա իր կարողությունը դիզել էր հնավաճառությամբ, բացի այդ՝ ուներ հասարակաց տուն՝ «Ընտանեկան անկյուն» անվանմամբ։ Հասարակաց տան համար աղջիկներ էին բերում Փարիզից, և Իոսիֆի կինը՝ Սիրանը, անձամբ էր զբաղվում նրանց ընտրությամբ։
2. Երբ Սերգեյը հազիվ 6 տարեկան էր, նրա հորը ձերբակալեցին։ Հեղափոխությունից հետո Փարաջանովների ունեցվածքը բռնագրավեցին, իսկ նրա հոր բիզնեսը որակեցին որպես հանցավոր։ Այդուհանդերձ, Փարաջանով֊ավագը չկարողացավ մինչև վերջ հրաժարվել հնավաճառությունից, ինչի պատճառով հաճախակի հայտնվում էր ազատազրկման վայրերում։
3. Սերգեյ Փարաջանովը միջնակարգ դպրոցն ավարտել է բնագիտությունից ու նկարչությունից ստացած «5»֊երով։ Թեպետ տեխնիկական առարկաներից նա միշտ ստանում էր «3»֊ներ, բայց որոշում է ընդունվել երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, որտեղ սովորում է ընդամենը մեկ տարի։ Իոսիֆ Փարաջանովը որդուն այդպես էլ չներեց այն, որ նա դավաճանել էր ընտանեկան ավանդույթին և հրաժարվել էր հնավաճառի մասնագիտությունից։ Ինստիտուտը թողնելուց հետո Փարաջանովը երկու տարի սովորում է միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետում և պարարվեստի ուսումնարանում։ Հասկանալով, որ մշակույթի կենտրոնը Մոսկվան է՝ նա տեղափոխվում է Մոսկվայի կոնսերվատորիա, իսկ հետո ընդունվում է մոսկովյան կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։
4. Կինոինստիտուտում նա ծանոթանում է իր առաջին սիրո՝ իր ապագա կնոջ հետ։ Գեղեցկուհի Նիգյարն ազգությամբ թաթար էր։ Փարաջանովը նրան պատահաբար տեսնում է հանրախանութում և առաջին հայացքից սիրահարվում է։ Մի քանի ամիս անց նրանք ամուսնանում են։ Աղջկա ազգականները, իմանալով ամուսնության մասին, Փարաջանովից մեծ փրկագին են պահանջում՝ ըստ իրենց ազգային ավանդույթի։ Փարաջանովը չէր կարող վճարել այդ գումարը, և աղջկա եղբայրները որոշում են, որ վերջինս պիտի լքի աղքատ ամուսնուն։ Աղջիկը հրաժարվում է դիմել այդ քայլին, և տեղի է ունենում ողբերգություն․ Նիգյարի եղբայրները նրան նետում են գնացքի տակ։ 1955թ֊ին Սերգեյ Փարաջանովը, ով չէր կարողանում համակերպվել կորստի հետ, Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանում է «Անդրիեշ» ֆիլմն՝ ի հիշատակ կնոջ։
5. Տեղափոխվելով Կիև՝ Փարաջանովը ծանոթանում է շիկահեր գեղեցկուհի Սվետլանա Շչերբատյուկի հետ, ով դառնում է նրա երկրորդ կինը։ Փարաջանովը անսահման սիրում էր այդ ամուսնությունից ծնված իր որդուն՝ Սուրենին։ Այդուհանդերձ, նրանց երջանկությունը երկարատև չեղավ, որովհետև Սվետլանան չէր կարողանում համակերպվել ամուսնու տարօրինակ ապրելակերպի հետ։ Վերցնելով որդուն՝ Սվետլանան հեռանում է, սակայն հետագայում նախկին ամուսինները ողջ կյանքի ընթացքում պահպանում են ջերմ ընկերական հարաբերությունները։
6. Հայտնի է, որ Փարաջանովը յուրաքանչյուրին կարող էր ապշեցնել իր տարօրինակություններով։ Օրինակ՝ կոտլետներն ափսեի մեջ պիտի դասավորված լինեին որոշակի կարգով, իսկ բաժակը սեղանի վրա պիտի զբաղեցներ հատուկ տեղ։ Փարաջանովը կինոյի ու նկարների անիրական աշխարհից վերցված իր ֆանտազիաները տեղափոխում էր իրական կյանք։ Նա կարող էր շարունակաբար տուն հրավիրել օրական 4 տասնյակից ոչ պակաս հյուր։ Ասում են, մի անգամ նա երկու օր ու գիշեր խնջույք է կազմակերպել կայարանամերձ ռեստորանում՝ վճարելիք գումարը դուրս հանելով կանացի գուլպաներից։ Նա իր ընկերներին ողողում էր շքեղ ընծաներով, թեպետ, իհարկե, երբեմն նաև մտափոխվում էր և այդ ընծաները հետ վերցնելով՝ նվիրում էր ուրիշին։
7. Մի անգամ Փարաջանովը ռեժիսոր Լեոնիդ Օսիկայի կնոջը՝ դերասանուհի Սվետլանա Կնյազևային նվիրում է 50 ժապավենազարդ անձեռոցիկ, ինչ֊որ իրերի կույտ և վրացական ազգային կոստյում։ Նվիրելիս անընդհատ ասում է․ «Է՛հ, սիրո՜ւն ես դու, Սվետլանա»։ Պատահում էր, որ նա որդուն՝ Սուրենին ծանոթացնում էր խորթ մոր հերթական թեկնածուի հետ, բայց այդպես էլ չէր ամուսնանում։ Խոսակցություններ էին պտտվում Փարաջանովի և Վլադիմիր Մայակովսկու երբեմնի սիրեցյալ Լիլյա Բրիկի սիրավեպի մասին, բայց այդ հարաբերությունները երկար ընթացք չունեցան։
8. Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964֊ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։
9. 1973թ֊ի դեկտեմբերին, երբ Փարաջանովը նկարահանում էր «Հրաշքն Օդենսեում» ֆիլմը, նրան ձերբակալեցին և դատապարտեցին 5 տարվա ազատազրկման՝ համասեռամոլության մեղադրանքով։ Դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում Փարաջանովը կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամները փնտրում են իր բարեհաճությունը։ Կենտկոմում, սակայն, կատակներ չէին հասկանում և որոշեցին ազատազրկել նրան։ Տեղեկություններ կան, որ Փարաջանովի գործով վկաներից մեկը քննիչի հետ զրույցից հետո կտրել է երակները։
10. Փարաջանովը ազատազրկումն անցկացրել է ուկրաինական Վինիցա քաղաքի բանտում՝ աշխատելով որպես արտադրամասի հավաքարար։ Նրա սիրտը հիվանդ էր, նա ուներ շաքարախտ և արյուն էր թքում։ Ի վերջո, նրա թոքերը վիրահատեցին։ Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրեց Պուշկինի դիմանկարը։ 10 տարի անց այդ մասունքը հայտնվեց Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքերում․ Ֆելինին այդ նմուշի օրինակով ձուլեց արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են Ռիմինիի փառատոնում ներկայացված լավագույն ֆիլմերը։ Իր երկրպագուհի Լիլյա Բրիկին, ով այդ ժամանակ գրեթե 80 տարեկան էր, Փարաջանովը մարտի 8֊ի կապակցությամբ ուղարկում է փշալարից և իր սեփական գուլպաներից պատրաստված ծաղկեփունջ։
11. Փարաջանովին ազատ արձակեցին սահմանված ժամկետը լրանալուց մեկ տարի շուտ՝ Լիլյա Բրիկի ջանքերի շնորհիվ։ Վերջինս ֆրանսիացի գրող Լուի Արագոնին խնդրել էր, որ Փարաջանովի համար բարեխոսի Լեոնիդ Բրեժնևի մոտ։
12. Թեպետ ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, սակայն նա գրեց շուրջ 20 սցենար։ Նա հաճախ էր տեսակցում որդու՝ Սուրենի հետ, ով բնակվում էր Կիևում և սովորում էր ճարտարապետական ինստիտուտում՝ զուգահեռաբար զբաղվելով մանր վաճառքով ու վերավաճառքով։ Սուրենի այս զբաղմունքը հաճախ էր դառնում վեճերի թեմա հոր և որդու միջև։
13. Անգործությունից հուսահատված՝ Փարաջանովն ուղևորվում է Մոսկվա՝ Տագանկայի թատրոնում Յուրի Լյուբիմովի «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացմանը ներկա գտնվելու համար։ Ներկայացումից հետո նա բեմ է բարձրանում և իր ելույթում խորհրդային իշխանությունը որակում է որպես ֆաշիստական՝ «խոստովանելով», թե իր ապրուստն իբր հոգում է Հռոմի պապի ուղարկած ալմաստների հաշվին։ Իշխանությունները չէին կարող «մարսել» նման արարքը և վրացական կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել։ Փարաջանովի դեմ նոր գործ է հարուցվում․ նրան մեղադրում են կաշառք առաջարկելու համար։ Իրականում նա Թբիլիսիի թատերական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի նախագահին նվիրել էր տոհմական ադամանդապատ մատանի։ Այդ ինստիտուտ էր պատրաստվում ընդունվել Փարաջանովի զարմիկը։ Փարաջանովին վերստին դատապարտում են 5 տարվա ազատազրկման, այս անգամ՝ պայմանական։
14. Հայտնի է, որ Փարաջանովը, առաջին անգամ հայտնվելով արտասահմանում՝ Հոլանդիայում, ձեռք է բերում ամենատարբեր իրեր՝ նկարներից մինչև մոմակալներ։ Այդ ողջ «հարստությունը», որը դժվարությամբ էր տեղավորվում երկու վերելակներում, նա սկզբում տեղափոխում է Մոսկվա՝ հետագայում Թբիլիսի տանելու մտադրությամբ։ Սակայն սեփական իրերը տեղափոխելիս թյուրիմացաբար վերցնում է նաև իր տանտերերի որոշ իրերը, ինչը պատճառ է դառնում, որ նրան մեղադրեն ամենաթողության և փառքից երես առնելու համար։
15. Փարաջանովի համար մեծ ողբերգություն է դառնում իր քույր Աննայի մահը։ Նա սեփական ձեռքերով ձևավորում է դագաղը՝ աննկարագրելիորեն գեղեցիկ տեսք տալով դրան։ Իսկ մի քանի ամիս անց պարզվում է, որ ինքը՝ Փարաջանովը հիվանդ է թոքերի քաղցկեղով։ Մոսկվայում նրան վիրահատում են, սակայն վիճակը չի բարելավվում։ 1990թ֊ին նա ժամանում է Երևան, որտեղ էլ մահանում է 3 օր անց։ Փարաջանովին հուղարկավորում են երևանյան Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի կողքին։
16. Մեծ ռեժիսորին մասնագիտական ասպարեզում հետևում է ազգականներից միայն մեկը՝ նրա զարմիկ Գեորգի Խաչատուրով֊Փարաջանովը։ Նա նկարահանում է «Բոլորը գնացել են․․․» կարճամետրաժ ֆիլմը, որը Ռիմինիի փառատոնում արժանանում է մրցանակի՝ Ֆելինիի ձուլած արծաթադրամին։
17. Փարաջանովի հարազատ քաղաքում՝ Թբիլիսիում, ցավոք, չի մնացել ոչինչ, որ կարող էր հիշեցնել նրա մասին։ Նրա տունը վաճառվել է ռուս մեծահարուստի, իսկ իրերի, նկարների, գրաֆիկական աշխատանքների ու հանրահայտ գլխարկների պատկառելի հավաքածուն պահպանվում է Փարաջանովի տուն֊թանգարանում, Երևանում։
Նյութը վերցված է այստեղից
Թանգարանը
Թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:
Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:
Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը:
Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:
Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977 և 1982 թ-ները անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:
Գոյության 27 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 64 ցուցահանդես 30-ից ավել երկրներում, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում, Բրազիլիայում, Կանադայում, Վիլնյուսում, և այլուր:
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ 
Ծնվել է 1924թ-ին Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում որպես բեմադրիչ ռեժիսոր: Մինչև 1963թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում: 1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: Սակայն Փարաջանովի կյանքի տարօրինակությունը կայանում է նրանում, որ այն պահից, երբ նա դառնում է հայտնի սկսվում են նրա դժբախտությունները: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է իշխանությունների կողմից։
1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանոթանում է նրա ճարտարապետությանը և արվեստին: Մեծ ոգևորությամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձավ նրա լավագույն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժվարություններով դուրս եկավ էկրան՝ «Նռան գույնը» անունով:
Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվեց կինոյից. ավելին նրան երկու անգամ բանտ նետեցին՝ 1974-1978թթ. ՈՒկրաինայում և 8 ամիս Թիֆլիսում՝ 1982թ.: Այդ դաժան վերաբերմունքի իրական պատճառը նրա լեզուն էր և արվեստը, որը չէր գոհացնում իշխանությանը:
Այդ տարիներին, երբ Փարաջանովը զրկված էր ֆիլմ նկարելուց, նա իր ողջ ստեղծագործական ավյունը ուղղեց գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և այլ արվեստի գործերի ստեղծմանը: Նա ասում էր. «Ինձ չէին թողնում ֆիլմեր նկարել, ես սկսեցի կոլաժներ անել: Կոլաժը դա սեղմված ֆիլմ է»: Եվ իրոք, եթե ֆիլմի ստեղծումը կախված է բազմաթիվ հանգամանքներից, ապա կոլաժում նա ազատ է և կարող է անել այն, ինչ ուզում է:
Երևանում Ս. Փարաջանովի թանգարանում հավաքված են նրա հազարից ավելի արվեստի գործերը: Կյանքի վերջում նա նկարահանեց ևս 2 ֆիլմ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ ղարիբ»:
1989թ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսեց աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրա: Հազիվ սկսած նկարահանումները ընդհատվեցին Փարաջանովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սարգիս Փարաջանյանցը վախճանվեց Երևանում 1990թ-ին: «Փարաջանովի հեռանալով` կինոյի աշխարհը կորցրեց իր կախարդներից մեկին» — այսպես արտահայտվեցին համաշխարհային մշակույթի և կինոյի խոշորագույն գործիչները:
1991թ-ին Երևանում բացվեց հանճարեղ ռեժիսորի և արվեստագետի թանգարանը:Այս տարիների ընթացքում Ս.Փարաջանովի մասին նկարահանվել է 20-ից ավել ֆիլմեր և աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել է նրա ստեղծագործությունների 60-ից ավել ցուցահանդեսներ:








