Լևոն Ե

Ծնվել է 1310 թվականին։ 10 տարեկան հասակում՝ 1320 թվականին բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը՝ Օշին Ա-ին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Լևոն Ե-ի մորեղբայր, Կոռիկոս բերդի տեր Օշին պայլը։ 1320 թվականի դեկտեմբերի 31-ին Սիս քաղաքի Մայր տաճարում տեղի է ունեցել Լևոն Ե-ի և Օշին պայլի դստեր՝ Ալիսայի (Զաբել) ամուսնությունը։ 1329 թվականին Լևոն Ե-ի հրամանով սպանվում են նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոնստանդին Գունդստաբլը և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ 1332 թվականին Լևոն Ե-ն ամուսնանում է Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դստեր և Կիպրոսի թագավոր Հենրիխ II-ի այրու՝ Կոստանցիայի հետ։ Սպանված իշխանների կալվածքներն ու պաշտոնները տրվում են լատին իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոն Ե-ի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335 թվականին և 1336 թվականին վերստին ասպատակեցին Կիլիկիան։ 1337 թվականին Լևոն Ե-ի խնդրանքով ստորագրվեց հաշտություն, որով Կիլիկիայի հարավ-արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսի սուլթանությանը։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։
Լևոնը հանկարծամահ Է եղել 1342 թվականի օգոստոսի 26-ին, իսկ նրա միակ որդին՝ արքայազն Հեթումը մահացել էր մանուկ հասակում, 1329 թվականին։ Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցնում է Լևոն Ե-ի հորաքրոջ՝ Իզաբելլայի որդուն՝ Կոստանդին Գ Լուսինյանին։

Оставьте комментарий