Պետությունը որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ
Պետության էությունը
Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետություն տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները: Պետությունը քաղաքական ամբողջություն է, որը ստեղծվում է էթնիկական կամ բազմազգ ընդհանրությամբ, հաստատված է որոշակի տարածքի վրա, որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը` իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը: «Պետություն» հասկացությունը օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով պետությունը պետականորեն ձևավորված քաղաքացիների միություն է, ընկերակցություն: Այն իր մեջ ընդգրկում է պետությունը և հասարակությունը: Նեղ իմաստով պետությունը հասարակությունից տարբերվող, նրան դիմակայող բարձրագույն իշխանության կազմակերպություն է, ինստիտուտների համակարգ:
Պետության վերաբերյալ Խորհրդային Միությունում հրատարակված աշխատությունների մեծ մասում նրա էությունը քննարկվել է դասակարգային դիրքերից, որպես անսահմանափակ իշխանության միջոց, տիրապետող դասակարգի դիկտատուրա: Դասակարգային մոտեցումը լայն հնարավորություններ է ընձեռում որոշելու իշխանության բնույթը, պետության էությունը, պարզելու, թե ով է իրականացնում և ում է պատկանում քաղաքական իշխանությունը: Սակայն պետական իշխանության դասակարգային բնույթի հաստատումը չի սպառնում պետության էության հիմնախնդիրները: Դեռ ավելին, դասակարգային մոտեցման օգտագործումը էականորեն սահմանափակում է պետության էությունը բացահայտելու հնարավորությունը: Արևմտյան տեսություններում պետությունը դիտվում է որպես վերդասակարգային կազմավորում, ամբողջ հասարակության շահերը ներկայացնող դասակարգային, սոցիալական հակասությունների մեղմացման գործիք: Հիմնավորում է, որ պետական իշխանության խնդիրը հասարակական կյանքի կազմակերպումն է, կանոնակարգի պահպանումը: Կարևոր նշանակություն ունեն մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, իրավունքների ու ազատությունների ներքին ու արտաքին ոտնձգություններից նրանց անվտանգության ապահովումը:
Իշխանության այդ ինստիտուտի բնույթը, ձևավորման ուղիների բազմազանությունն ու նշանակությունը արտացոլվել են պետության ծագման տեսություններում:
Աստվածաբանական տեսություն: Պետության ծագման ամենահին տեսություններից է: Նրա ներկայացուցիչներն են Հին Արևելքի, միջնադարյան Եվրոպայի, իսլամի և ժամանակակից կաթոլիկ եկեղեցու կրոնական գործիչները (Մ. Ավգուստին, Թ. Աքվենացի, Ժան Մարիտե և ուրիշներ): Աստվածաբանական տեսության մեջ պետությունը դիտվում է որպես Աստծո գործողության արգասիք, որ ամբողջ իշխանությունը սկսվում է նրանից: Նա է ընտրում իշխանավորներին, նրանց տալիս բացարձակ լիազորություններ: Մարդկանց ենթարկումը Աստծո կամքին, աստվածային բանականության սկզբունքներին ապահովում է կարգ ու կանոն հասարակության մեջ:
Նահապետական տեսություն: Այս տեսությունը նույնպես ծագել է հին ժամանակներում: Ստեղծել են Արիստոտելը, Ռ. Ֆիլմերը և ուրիշներ: Ըստ նահապետական տեսության պետությունը ծագել է տոհմերը ցեղերի, ցեղերը մեծ ընդհանրությունների վերածվելով, մեխանիկական միավորումներ կազմելով: Ցեղապետը դառնում է ձևավորվող պետության գլուխ` միապետ: Նրա իշխանությունը դառնում է տոհմապետի կամ ցեղապետի իշխանության շարունակությունը: Հետևաբար, պետությունը նահապետական իշխանության զարգացած ձևն է, որը հանդես է գալիս բոլորի անունից և ընդհանուրի օգտին:
Հասարակական դաշինքի տեսություն: Այդ տեսության ակունքները գալիս են հին դարերից, ստեղծվել են 17-18-րդ դարերի մտածողներ Հ. Գրոտիոսը, Թ. Հոբսը, Ջ. Լոկը, Ժ. Ժ. Ռուսոն և ուրիշներ: Այդ տեսության համաձայն պետությանը նախորդել է բնական «վայրենի» վիճակը, ընդհանուր բարօրությունը, ոսկե դարը: Սակայն մարդկության զարգացման ընթացքում խախտվում է այդ կարգ ու կանոնը, առաջանում է լիակատար անարխիա, բռնատիրություն: Բնական վիճակից քաղաքացիական վիճակին, կառավարման պետական ձևին անցնելու, մարդկանց փոխադարձ ագրեսիվությունը ստանձնելու, իրենց աշխատանքի արդյունքով ստեղծված սեփականությունը, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և ընդհանրապես նորմալ կյանք ապահովելու համար մարդիկ միմյանց հետ պայմանավորվում են պետության ստեղծման մասին` նրան կամավոր տալով իրենց իրավունքների մի մասը:
Բռնության տեսություն: Այդ տեսությունը ծագել է 19-րդ դարում, որի ներկայացուցիչներն են Լ. Հումպլովիչը, Կ. Կաուցկին, Ե. Դյուրինգը և ուրիշներ: Նրանք պետության ծագումը մեկնաբանում են ուժեղ և կազմակերպված տոհմերի, ցեղերի կողմից թույլ և անկազմակերպ տոհմերին, ցեղերին նվաճելու և ստրկացնելու ռազմաքաղաքական բնույթի գործոններով: Ստրկացված ցեղերի ճնշման համար էլ ստեղծվել է պետական ապարատը, ընդունվել են օրենքներ: Բռնության տեսության կողմնակիցներն իրենց դատողություններում հենվում են պատմական հայտնի փաստերի վրա, երբ մի շարք պետություններ երևան եկան հենց մի ժողովրդի կողմից մյուսին նվաճելու հետևանքով:
Ժողովրդագրական տեսություն: Ժողովրդագրական տեսությունը ձևավորվել է XX դարի 2-րդ կեսին, որի ներկայացուցիչներն են Մ. Մոսան, Ե. Վյատրը, Լ. Վասիլևը և ուրիշներ: Այդ տեսության իմաստն այն է, որ պետության ծագումը կապված է բնակչության թվաքանակի և խտության աճի, քոչվորությունից նստակյաց կյանքի անցման, ինչպես նաև մեձավոր ազգականների միջև արյունապղծության արգելման և ամուսնական հարաբերությունների կարգավորման հետ: Դա պահանջում էր ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք արգելեին սեռական հարաբերությունները մոտիկ հարազատների միջև, կապեր հաստատեին մյուս համայնքների հետ և այլն: Իսկ դա կարող էր կատարել միայն մի կազմակերպություն, ինչպիսին պետությունն է:
Պատմական—մատերիալիստական տեսություն: Այդ տեսությունը առավել հաջող զարգացում ստացավ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերում: Տեսության իմաստն այն է, որ պետությունը ծագել է նախնադարյան հասարակության բնական և ամենից առաջ տնտեսական զարգացման հետևանքով, որը ոչ միայն ապահովում է պետության ծագման նյութական պայմանները, այլև որոշում է հասարակության սոցիալական փոփոխությունները: Պատմական-մատերիալիստական տեսությունը պետության ծագման վճռական դերը բացատրում է մի կողմից`դասակարգերի, նրանց միջև հակասությունների, դասակարգային անհաշտ պայքարի առաջացման, սեփականազուրկ դասակարգերի ճնշման, մյուս կողմից` հասարակության տնտեսական զարգացման և բաշխման հարաբերությունների կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով: Այսպիսով, պետության ծագման և զարգացման տեսություններից երևում է, որ այդ գործընթացների վրա ազդել են. աշխատանքի հասարակական բաժանումը և կառավարչական զբաղմունքի առանձնացումը, մասնավոր սեփականության, սոցիալական խմբերի և շահագործման առաջացումը, հավելյալ արդյունքի և ազգաբնակչության աճը, պատերազմներն ու նվաճումները, աշխարհագրական-կլիմայական պայմանները և ներքին ու արտաքին զանազան գործոններ:
Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է միա քանի հատկանիշներով:
1.Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են : Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշպանումն է: Հենց տարածքի հսկողությունից են սկսվում զարգանալ ներքին ու արտաքին վեճերը, քաղաքական կոնֆլիկտները: Դրանց վտանգավոր ազդեցություն են ունենում ոչ միայն պետությունների տնտեսական կյանքի վրա` սպառազինությունների համար կլանելով նյութական ու ֆինանսական հսկայական միջոցներ, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների վրա:
