Աշխատավարձ, դրամական վարձատրության ձև՝ աշխատուժ-ապրանքի արժեքի փողային արտահայտությունը կամ նրա գինը։ Աշխատավարձի հիմնական ձևերն են ժամանակավարձն ու գործավարձը։ Ըստ աշխատօրվա տևողության, միևնույն օրավարձը, շաբաթավարձը ևն կարող են ներկայացնել աշխատանքի տարբեր գներ։ Ժամանակավարձի չափի միավորը աշխատանքի մեկ ժամի գինն է։
Էությունը
Աշխատավարձը հանդիսանում է գործոնային եկամուտ, որն առաջանում է աշխատանք գործոնի կիրառման հետևանքով։ Աշխատավարձն աշխատանքի հավասարակշռության գինն է, որը շուկայում ձևավորվում է աշխատանքի պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության կամ դրանց կորագծերի հատման հետևանքով։ Ժամանակակից պայմաններում աշխատավարձը հանդիսանում է հասարակության եկամուտների ձևավորման հիմնական աղբյուրը։ Զարգացած երկրներում աշխատավարձը կազմում է բնակչության եկամուտների շուրջ 70%-ը։ Աշխատավարձը հանդիսանում է բաշխման հարաբերություններին վերաբերվող տնտեսագիտական կատեգորիա։ Բաշխման հարաբերությունները բնութագրվում են լայն և նեղ իմաստով։ Լայն իմաստով բաշխման հարաբերություններ ասելով՝ հասկանում ենք արտադրության միջոցների և աշխատուժի բաշխումն արտադրության տարբեր ոլորտների և ճյուղերի միջև։ Նեղ իմաստով բաշխում ասելով հասկանում ենք կենսամիջոցների կամ ստեղծված եկամուտների բաշխումը հասարակության անդամների միջև։ Այս իմաստով, աշխատավարձը կարևոր դեր է խաղում հասարակության եկամուտների բաշխման բնագավառում։ Աշխատավարձը հանդիսանում է աշխատանքի հավասարակշռված շուկայական գինը։ Աշխատավարձը միայն աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունը չէ, այն հանդիսանում է աշխատողի ստեղծած նոր արժեքի մի մասը միայն, որը հավասար է նրա աշխատուժի արժեքին։ Իսկ աշխատուժի արժեքն որոշվում է այն կենսամիջոցների կամ գոյամիջոցների արժեքով, որն անհրաժեշտ է մարդու և նրա ընտանիքի անդամների կենսագործունեության համար։ Աշխատավարձը ներկայանում է որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, որովհետև վարձատրությունը կատարվում է աշխատանքը կատարելուց հետո միայն։ Աշխատավարձի վերաբերյալ տնտեսագիտության մեջ գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ։
Աշխատանք, ամենից առաջ մարդու և բնության միջև տեղի ունեցող պրոցես, որի ընթացքում մարդը նպատակահարմար արտադրողական գործունեությամբ ձևափոխում է բնության առարկաները՝ իր պահանջմունքները բավարարելու համար. մարդկանց գոյության պայման, մշտական, բնական անհրաժեշտություն, առանց որի չէր լինի մարդկային կյանքը։ Աշխատանքը բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր է ունեցել նրա ձևավորման գործում։ Աշխատանքն անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ։ Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։
Աշխատանքի ոլորտներ
Ժամանակի ընթացքում առանձնացել են աշխատանքի մտավոր և ֆիզիկական ոլորտներ։ Տեխնիկական առաջընթացը, աշխատատար և առողջության համար վնասակար աշխատանքների մեքենայացումն ու ավտոմատացումը նպաստում են աշխատանքի պայմանների բարելավմանը, մասնագիտական վնասակարությունների ազդեցության փոքրացմանը, մասնագիտական հիվանդությունների և արտադրական վնասվածքների նվազմանը։ Սակայն ֆիզիկական աշխատանքի կտրուկ նվազումը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա։
Աշխատանքի կարևորությունը ընդգծող փաստերից հայտնի մի բնորոշ դեպք կա ճապոնացի Ացուխիկո Տատեուկիի մասին: Նա աշխատում էր միջին մեծության մի կազմակերպությունում բաժանմունքի պետ: Երբ նրան աշխատանքից ազատեցին, գործազրկությունը նրա համար այնքան նվաստացուցիչ էր, որ նա որոշեց ընտանիքի անդամներից թաքցնել այդ փաստը: Ամեն առավոտ 7:30 հագնում էր իր կոստյումը, կապում փողկապը և դուրս էր գալիս տնից: Օրն անցկացնում էր սրճարաններում, զբոսայգիներում, կինոթատրոններում: Ի վերջո կինն ու երեխաները կասկածեցին, որ մի բան այն չէ նրա հետ, քանի որ տուն էր վերադառնում 6:30, այլ ոչ առաջվա նման կեսգիշերին
