Մայր տաճար
Էջմիածնի Մայր տաճարն է, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտանակնների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։

1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ ժամանակվանից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումենրի։ 1604 թվականին, իրենց երկրի հանդեպ հայերի նվիրվածությունը թուլացնելու համար, Աբբաս I Սեֆին թալանել է Էջմիածինը՝ տաճարից մասունքներ և քարեր տանելով։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։ 1868 թվականին տաճարի արևելյան մասում կառուցվել է ավանդատուն: Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք։
Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել: Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:

Հետագայում 1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։
Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դարում)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով։ Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ։
Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի հիմնական միջոցն է։ Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարածական լուծում, ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն։ Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10, 1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը։ Ճակատների սեղանաձև կտրվածքով խորշերն ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը։ Հռիփսիմեի տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը։
Սուրբ Գայանե վանք
Միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում:

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել:
Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը:
17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել: Փիլիպոս Ա Աղբակեցին 1652 թվականին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն:
1688 թվականին Եղիազար Ա Այնթապցին կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Ս. Գայանե եկեղեցուն արևմտյան կողմից կցել եռակամար գավիթ-սրահ, նրա հարավային և հյուսիսային ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել: Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն:
1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866–82) եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը:
1910 թվականին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի գերեզմանի համար: 1959 թվականին Սուրբ Գայանե եկեղեցին նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան):
1960 թվականին վանքի տարածքում Մայր աթոռի՝ 1920 թվականից հետո թաղված միաբանների գերեզմանների վրա դրվել են մարմարե սալիկներով տապանաքարեր: 1976 թվականին Սուրբ Գայանե եկեղեցու շուրջը դարերի ընթացքում կուտակված լիցքը հեռացվել է, պատերի մեջ շաղախ է ներարկվել, և քայքայված քարերը փոխարինվել են նորերով:

1977–1980 թվականներին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ, վանքի միաբանության շենքերը նորոգվել են և օժտվել ժամանակակից հարմարություններով, քարե սալերով ծածկվել եկեղեցու տանիքը և գմբեթը: Եկեղեցու գավթում են ամփոփված Եղիազար Ա Այնթապցի, Աբրահամ Բ Խոշաբեցի, Ղազար Ա Ջահկեցի, Մինաս Ա Ակներցի, Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի, Ղուկաս Ա Կարնեցի, Դավիթ Ե Էնեգեթցի, Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսները, իսկ վանքի շուրջը՝ բազմաթիվ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, վանահայրեր, Մայր աթոռի բարերարներ, իշխաններ և նշանավոր այլ անձինք։
