Ընտանիք

Ուշ հին քարի դարում առաջացել է  մայրիշխանությունը, երբ մի տոհմի բոլոր կանայք համարվում էին մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց կանայք, տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում,  երեխաները ճանաչում էին միայն մորը և համարվում նրա տոհմի (ընտանիքի) անդամը: Խմբամուսնության շրջանակներում աստիճանաբար առաջացել է մենամուսնությունը, երբ առանձին զույգեր սկսել են առանձին ապրել, և երեխան ճանաչել է նաև հորը:
Տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջացել է հայրիշխանությունը. կնոջ և երեխաների վրա հաստատվել է տղամարդու իշխանությունը. երեխաներն ստացել են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք: Ձևավորվել է նահապետական ընտանիքը կամ գերդաստանը: Այն նախապես ընդգրկել է հայրական կողմից միևնույն նախնուց սերած 4–5, երբեմն` ավելի սերունդ: Գերդաստանի ծագումը պատմականորեն պայմանավորված էր տնտեսական նոր ձևերի առաջացմամբ, երբ գերադասելի էր տնտեսությունը մարդկանց մեծ խմբերով վարելը: Հայկական առանձին գերդաստաններ բաղկացած էին 70–100 մարդուց: Համեմատաբար փոքր կազմ (20–30 հոգի) ունեին Արարատյան դաշտի, Լոռու, Շիրակի, Զանգեզուրի գյուղերի գերդաստանները: Գերդաստանին վերաբերող տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի երկերում, Ներսես Շնորհալու կանոններում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, իրավաբանական սկզբնաղբյուրներում: 
Ժամանակակից ընտանիքը՝ որպես սոցիալական ինստիտուտ, ենթարկվում է որոշակի սոցիալական նորմերի, վարքի կանոնների, ունի իրավունքների ու պարտականությունների մի շրջանակ, որոնցով կարգավորվում են  հարաբերություններն ամուսինների, ծնողների ու երեխաների միջև:

Оставьте комментарий