Արտավազդ Բ Արտաշեսյան, հայտնի է նաև որպես Արտավազդ Աստվածային, Մեծ Հայքի թագավորության արքայից արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ-ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։
Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։
Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք՝ ստանալով «Աստվածային» պատվանունը։
Քաղաքական իրադրությունը նախորդիվ
Արտավազդ Բ-ն, մ․թ․ա․ 55 թվականին զբաղեցնելով հայոց գահը, ինքնին ժառանգում է կայացած պետություն, որն ուներ հզոր բանակ և առաջադեմ տնտեսություն։ Մեծ Հայքի Արտաշեսյան համահայկական թագավորությունը հիմնադրել էր Արտավազդի մեծ պապը՝ Արտաշես Բարեպաշտը, իսկ վերջինիս հայրը՝ Տիգրան Բ-ն, այն հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Տիգրան Արտաշեսյանը Հայքի գահին բազմել էր մ․թ․ա․ 95 թվականին և ապա դաշինք կնքել Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորի հետ։ Դեռևս Տիգրանի օրոք Հայքի աշխարհակալ նկրտումների առջև առկախ գլխավոր խնդիրը օրեցօր զորեղացող Հռոմեական հանրապետությունն էր, որի «անպարտելի լեգեոնները», Եվրոպայի զգալի մասը զավթելուց հետո, առաջխաղացել էին դեպի Փոքր Ասիա։ Մեծ Հայքի արևելյան հարևանը Պարթևական ընդարձակ տիրակալությունն էր, որը ձգվում էր Հայոց (Հյուսիսային) Միջագետքից մինչև Միջին Ասիա և Պարսից ծոցից մինչև հեռավոր Հինդուստան։ Այնուամենայնիվ, Տիգրանի հեռահար քաղաքականության շնորհիվ հայկական բանակները մ․թ․ա․ 94 թվականին Հայոց թագավորությանն են միացնում Ծոփաց աշխարհը՝ հռչակավոր «Չորրորդ Հայքը», ապա հպատակեցնում հարևան Վիրքն ու Աղվանքը։ Մ․թ․ա․ 87 թվականին Տիգրանը սկսում է իր հեղինակավոր Պարթևական մեծ արշավանքը և մեկ տարում նվաճում պարթևաց երկրի զգալի մասը։ Նույն տարում Արտաշատում կնքվում է հայ-պարթևական դաշնագիր, որով Գոդերձ Ա-ն Տիգրանին և իր իրավահաջորդներին էր զիջում «արքայից արքա» տիտղոսը, Հյուսիսային Միջագետքը, Օսրոյենեն, Արուաստանը (Միգդոնիա), Ադիաբենեն ճանաչում Հայքի կազմում, ինչպես նաև ընդունում Հայաստանի գերիշխանությունը։ Հաջորդիվ Տիգրան Մեծը նվաճում է Սելևկյան տերության թագը՝ վերահսկողություն սահմանելով Ասորիքի, Փյունիկիայի և Կիլիկիայի նկատմամբ։ Կիլիկիան գրավելուց հետո՝ Արտաշեսյանների թագավորությունը սկսում է սահմանակցել Հռոմեական հանրապետությանը։
Ավելի ուշ Տիգրանի ստեղծած կայսրությունն իր մեջ ներառում է նաև Հրեաստանը (Հուդայի թագավորություն) և Նաբաթեան։ Մ․թ․ա․ 71 թվականին Հայքի զինվորները ռազմակալում են Պտղոմայիս քաղաքը․ Հայկական աշխարհակալ տերությունը ձգվում է ընդհուպ մինչև Եգիպտոս։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական իրադրությունը բեկումնային է լինում Հայաստանի համար, և Հռոմի դեմ շարունակական պատերազմներից հետո, Տիգրանն ի վերջո մի կողմ է դնում իր արքայական պատվախնդրությունը և կնքում Արտաշատի պայմանագիրը, որով Հայքը զրկվում էր իր նվաճումներից, սակայն և պահպանում էր իր տարածքային ամբողջականությունը։ Տիգրանի կառավարման վերջին տարիներին արքայազն Արտավազդը նշանակվում է գահակից։
Կենսագրություն
Արտավազդ Արտաշեսյանի ծննդյան ամսաթվի և տեղի մասին մատենագրական հստակ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հայտնի է, որ վերջինս ծնվել է արքայից արքա Տիգրան Մեծի մայրաքաղաքներից մեկում՝ Արտաշատում, Տիգրանակերտում կամ Անտիոքում։ Անտիոքը և Տիգրանակերտը մայրաքաղաքի կարգավիճակը պահպանել են չափազանց կարճ ժամանակահատվածում, ընդ որում՝ լիովին չդիտարկվելով որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններ։ Հետազոտողները հակված են այն մտքին, որ Արտավազդի մանկությունն ու պատանեկությունն առավելապես անցել է Արտաշես Ա Բարեպաշտի հիմնադրած Արտաշատ մայրաքաղաքում։
Արքայազն Արտավազդ
Արտավազդը Մեծ Հայքի արքայից արքայի և Միհրդատ Եվպատորի դստեր՝ Կլեոպատրա Պոնտացու որդին էր։ Պատմագիտական ոչ մի տեղեկատվություն մեզ չի հասել Արտավազդի՝ Տիգրանի ավագ որդի լինելու մասին, սակայն հայտնի է, որ հայրենիքի, ռազմական գործի և մշակույթի հանդեպ իր վերաբերմունքով վերջինս միանշանակորեն տարբերվել է իր եղբայրներից։ Արտավազդը ստացել է իր ժամանակաշրջանի լավագույն հելլենիստական կրթությունը(պարզ է դառնում Արտավազդի խոսքերից․ «Ինչպես ուսանել է մեզ Հելլադայի ոգին») և դեռևս պատանեկության տարիքում փայլուն տիրապետել հունարենին։ Ամենայն հավանականությամբ արքայազն Արտավազդի ուսուցիչներն են եղել Տիգրանի արքունիքում այդ ժամանակ ծառայող հույն նշանավոր մտածողներ Ամֆիկրատես Աթենացին և Մետրոդորոս Սկեպսացին։ Շատերը Մետրոդորոսին նույնացնում են Պլինիոս Ավագի մոտ հիշատակվող «Միսոռոմեուսի» հետ, որի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «հռոմեատյաց»։ Վերջինս հաստատվել էր հայոց ոստանում և գրում էր «Տիգրանի պատմությունը» պատմագրական ստեղծագործությունը, որը, սակայն, ժամանակի ընթացքում կորուսվել է։
Սակայն Արտավազդի համար առավել կարևոր նշանակություն է ունենում հոր ռազմաքաղաքական գործունեությանը հետևելը և վերջինիցս դասեր քաղելը։ Ուսումնասիրողները հավաստում են, որ Արտավազդը որդեգրել է Տիգրանի քաղաքականությունը՝ գործելով գրեթե միևնույն տրամաբանությամբ։ Վերջինս՝ որպես քաղաքագետ և ռազմական առաջնորդ, կայացել է մ․թ․ա․ 50-ական թվականների սկզբին՝ Մեծ Հայքի թագավորության արքայից արքայի գահակից նշանակվելուն պես, սկսելով օգնել վերջինիս՝ ընդարձակ թագավորության կառավարման գործում։ Տիգրանի այս ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ վերջինիս օրինական չորս որդիներից երեքը՝ Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերը, ապստամբել էին թագի դեմ՝ օժանդակելով հռոմեացիներին։
