Ավատատիրության ձևավորումըև հաստատումը Հայաստանում

Ավատատիրություն

Մերձավոր Արևելքի պատմության մեջ 3-5-րդ դարերը հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին. այդ ժամանակ անկում էր ապրում հելլենիստական մշակույթը, որը փոխարինվում էր քրիստոնեական մշակույթով։ Դեռ առաջին պետությունների՝ Հին Եգիպտոս (մ.թ.ա. 3100-525), Շումեր (մ.թ.ա. 5300-1940), Աքքադ (մ.թ.ա. 2334-2154), կազմավորման փուլում առաջացած ստրկատիրական հարաբերությունները, որոնք իրենց գագաթնակետին էին հասել հելլենիզմի դարաշրաջնում (մ.թ.ա. 4- մ.թ. 3-րդ դարեր), քայքայվում էին՝ իրենց տեղը զիջելով նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին։ Այդ է պատճառը, որ 5-րդ դարը համարվում է նոր դարաշրջանի՝ միջնադարի (5-17-րդ դարեր) սկիզբը։ Մեծ Հայքում ստրկատիրությունը խոր արմատներ չէր ձգել, ուստի անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ։

Արտաշեսյանների թագավորության դրոշ

Դեռ ստրկատիրական հասարակարգի ժամանակաշրջանում Հայաստանի հիմնական արտադրող տնտեսությունները գյուղական համայնքներն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին։ Արտաշես Բարեպաշտն իր հողային բարեփոխությամբ (մ.թ.ա. 180) ցանկացել էր սահմանազատել մասնավոր համայնքային հողատիրությունը։ Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների՝ ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների գնալով խորանում էր՝ սկիզբ դնելով պետական հողատիրության մասնատմանը սեփականատիրական կալվածքների, այսինքն՝ ավատական տնտեսությունների առաջացմանը։

4-րդ դարի սկզբներից, երբ Մեծ Հայքում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, կարևոր վերափոխություններ կատարվեցին ոչ միայն կրոնի ու պետական կառուցվածքի մեջ, այլև տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Ավատականացման փուլ թևակոխող Հայաստանի բնակչությունը հանդես եկավ ազատների և անազատների դասերով։

Ստրկատիրության ժամանակ կար ռազմական ու հոգևոր ավագանի, իսկ երկրի հիմնական աշխատուժը ու աշխահազարը գյուղացիներն էին։ Գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, և գյուղացիներն ըստ էության ազատ էին։ Նրանցից բացի կային ավագանու ագարակներում աշխատող մշակ-ստրուկներ, ովքեր որևէ իրավունք չունեին ու անազատ էին։ Աստիճանաբար գյուղացիների իրավունքները հավասարվում են մշակների պարտականութուններին, և նրանք կազմում են անազատների դասը։ Նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ)։ Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը։

Արշակունիների թագավորության դրոշ

Ազատների դասը ձևավորվում է ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից։ Ստրկատիրության դարաշրջանում ավագանին ռազմական ծառայություն դիմաց հող էր ստանում, որը, սակայն, չէր կարող ժառանգաբար փոխանցել։ Այժմ նրանք ստանում են ժառանգական իրավունքներ և իրենց տիրույթներում ինքնուրույն էին։ Հսկայական կալվածքներ է ստանում նաև հայոց եկեղեցին։ Այսպիսով՝ աշխարհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և հոգևորականները համալրում են ազատների դասը։ Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել նաև զբաղեցրած պաշտոնները։ Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն։ Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր։ Արքունական իշխանությանը ենթակա պահելու համար հայոց թագավորները սաստում էին նրանց, սպառնում պատերազմներով, երբեմն նույնիսկ՝ հարձակվում տիրույթների վրա ու ոչնչացնում ընտանիքները, կամ՝ սիրաշահում էին նրանց՝ տալով նոր կալվածքներ ու պաշտոններ։ Ազատների դասը թագավորին հարկ չէր վճարում։

Պատմիչ Եղիշեն հայտնել է, որ թագավորությունն անցավ հայոց նախարարներին, ինչը վկայում է նախարարական համակարգի՝ պետականության կրողը լինելու մասին։ Հայկական պետականությունը նախարարական համակարգի միջոցով պահպանվեց միջնադարում։ Դրա վառ օրինակներն են Մեծ Հայքի Հայոց «Արևելից» կողմերում՝ Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ, Բագրատունիների գլխավորած հայկական թագավորությունների համադաշնության, Զաքարյանների իշխանապետության և Սասունի, Արցախի, Սյունիքի իշխանությունների, Կիլիկիայում՝ Ռուբինյանների, Հեթումյանների, Լուսինյանների պետությունների ձևով։

Հողատիրության ձևերը

Մեծ Հայքի գերագույն տերը թագավորն էր։ Ավատատիրության խորացմանբ թագավորական կամ պետական հողերը մասնատվում էին, ծառայող ազնվականության հողատարածքներն աճում էին, հողի խոշոր սեփականատեր էին դառնում նախարարական ընտանիքները։ Տրդատ Գ Մեծը հողեր շնորհեց նաև եկեղեցուն։ Դրանով իսկ եկեղեցին նույնպես դառնում էր հողի սեփականատեր։ Եկեղեցուն վճարվում էր բերքի մեկ տասներորդ մասը (տասանորդ)։

Արշակունիների թագավորություն

Վաղ միջնադարում Մեծ Հայքում գոյություն է ունեցել հողատիրության երեք ձև՝ հայրենիք, պարգևականք և գանձագին։

  • «Հայրենիք» կամ «հայրենական» — ժառանգաբար հորից ավագ որդուն անցնող հողեր
  • «Պարգևականք» — պետական պաշտոնյաներին կամ զինվորականներին ծառայության դիմաց հանձնվող հողեր։ Եթե ստացողը մահանում էր, ապա կարիք կար նվիրատվությունը վերականգնելու, իսկ եթե նա դադարեցնում էր ծառայությունը, ապա արքունիքը հետ էր վերցնում այդ կալվածքները։
  • «Գանձագին» — աշխարհիկ իշխանների կամ մեծահարուստ եկեղեցականների կողմից գնված հողեր։ Սրանք ըստ էության չէին տարբերվում հայրենիքից։ Կուսակրոնություն մտցնելուց հետո բարձրաստիճան հոգևորականներին պատկանող հողերը դարձան եկեղեցու սեփականություն։

Հայոց թագավորի, ով երկրի գլխավոր ավատատերն էր, տիրույթները հայրենիք էին։ Դրանք միաժամանակ պետական հողեր էին և համարվում էին անօտարելի սեփականություն[3]։

Թագավորական հողերը չէին բաժանվում սեպուհներին։ Նրանց որպես բնակության վայր հանձնվում էին Հաշտյանք, Աղիովիտ և Առբերանի գավառները։ Այրարատում, որտեղ գտնվում էր արքունի տիրույթների նշանակալից մասը, կարող էին ապրել միայն թագավորն ու թագաժառանգը։ Արքունի հողային տիրույթների կենտրոնը Ոստան Հայոց գավառն էր՝ Արտաշատ մայրաքաղաքով։

Ավատատիրական աստիճանակարգ

Ավատատիրական պետություններում, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությունում, ավատատերերը աստիճանակարգվում էին՝ ավագից կրտսեր։ Սա նման էր մի բուրգի, որի գագաթին արքան էր։ Իշխանական համակարգում գործում էր ենթակայության ավատատիրական հետևյալ սկզբունքը՝ «իմ վասալի վասալը իմ վասալը չէ»։

Արքային հաջորդող օղակն արքունիքն էր, որը սատարում էր թագավորին երկիրը կառավարելու հարցում։ Միապետն ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ (այստեղից էլ գալիս է «բացարձակ միապետություն» արտահայտությունը)։ Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին։ Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու և հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու ու բանակցելու այլ երկրների հետ։ Արքունիքը՝ նախարարները, եղել են թագավորին ստորակա և նրան տրամադրել իրենց զորաջոկատները։ Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում՝ երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով, հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները։

Զորանամակ

Թագավորից ու արքունիքից հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին՝ ծայրագավառների կալվածատերեր բդեշխներն ու արքունի գործակալները։ Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել. միայն արքան կարող էր հագնել կարմիր կոշիկներ։ Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները, իրենց տիրույթներում օժտված էին վարչական և դատական լայն իրավունքներով։ Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին։ Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող։ Նախարարի զորաջոկատը պատերազմի էր դուրս գալիս արքունի բանակի կազմում՝ իր առաջնորդությամբ և դրոշի ներքո։

Ավատատիրական աստիճանասանդուղքի վերջին աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները։ Խոշոր ավատատերերն ունեին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը նրանցից հող էր ստանում զինվորական ծառայության դիմաց. այդպիսով նրանք ներկայացնում էին պետություն պետության ներսում։ Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ։ Ոստանիկներից էին կազմվում արքունի հեծելազորը, ազատներից՝ նախարարական այրուձին։ Արքունիքի պաշտպանությունը, ռազմական ու վարչական բազմաթիվ պաշտոններ վստահում էին իրենց։ Ծառայության դիմաց նրանք ստանում էին «պարգևականք» կալվածքներ։ Բուրգի ստորոտում անազատներն էին՝ քաղաքացիները, շինականները, ռամիկները։

Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ։ Երկրի խոշոր քաղաքներից էին Վաղարշապատը, Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Վանը, Զարիշատը և այլն։ Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին։ Խոշոր ավատատերերը հաճախ չեն ցանկացել ենթարկվել կենտրոնաձիգ իշխանությանը։ Կենտրոնախույս ուժերը հաճախ դիմում էին հարևան Հռոմեական կայսրությանը կամ Պարսկաստանին։ Արդյունքում տեղի էին ունենում պատերազմներ, որոնցից մեկի ժամանակ Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի։

Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին: Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել:

Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ:
Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ): Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին: Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը: Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը:
Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները: Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն: ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ:
Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր: Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել: Որպես պատասխան, Հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ:
Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:

Оставьте комментарий