Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։ Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից։
Քրիստոնեության մուտքն ու տարածումը Հայաստանում
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ: Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Արտազի Աթոռի գավազանագրքում (649 թվական) գրված է՝ Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու:
Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)։Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ: Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում։
