Երվանդունիներ

Երվանդունիներ՝ թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 570–մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։

Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։

Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։

Պերգամոն քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երվանդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։

Оставьте комментарий