Վանի թագավորություն

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում, մ. թ. ա. IX–VII դարերում. ասորեստանյան աղբյուրներում անվանվել է «Ուրարտու», տեղական սեպագիր արձանագրություններում`  «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում` «Արարատ»:

Մ. թ. ա. 830-ական թթ-ին Սարդուրի Ա-ն (մ. թ. ա. մոտ 835-825) հիմնադրել է Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը, որի շուրջը կազմավորվել է Վանի համա­հայկական թագավորությունը:

տուշպա

Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Վանի թագավորության սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին)։ Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը)։ Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Վանի թագավորություն դիրքերը հյուսիսում։ Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում (Ծոփք), Ալզիում (Աղձնիք), անդրեփրատյան Մելիտեայում (Մալաթիա)։ Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց։ Ոչ միայն Վանի թագավորությունում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 80 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպային (Վան)։ Մենուան ջրանցքներ է անցկացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում ։

Оставьте комментарий