
Ավանդություն
Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․
✔ Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։
✔ Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան :
Տեսարժան վայրեր
✔ Սևանավանք։ Մեծ Հայքի թագավորությունում Քրիստոնեության ընդունման առաջին իսկ դարում Սևանա կղզումկառուցվում է առաջին քրիստոնեական կառույցը՝ Սևանավանքը։ Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին, իսկ 874 թվականին երկու եկեղեցիները կառուցել է Վասակ Գաբուռ Սյունու կինը՝ իշխանուհի Մարիամ Բագրատունին, ով հայոց թագավոր Աշոտ Ա Մեծի (885-890) ու Կատրանիդե թագուհու դուստրն էր։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ Եկեղեցին կանգուն է մինչ այժմ. վերանորոգվել է 1956-57 թվականներին։
✔ Կոթավանք։ Մարտունի քաղաքին մոտ գտնվող Ներքին Գետաշեն գյուղում գտնվող Կոթավանքը կառուցել է Սյունիքի իշխան Վասակ Գաբուռի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան Բ-ն, 851–901 թվականներին։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ՝ մեծադիր, մշակված քարերով։ Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ։ Եկեղեցու հարավարևելյան ավանդատան մուտքում, բարավորի փոխարեն, ներսից դրված է 9-րդ դարի առաջին կեսի մի խաչքար, որը նվիրված է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հիշատակին։ Վերանորոգվել է 2010-ականների սկզբին։
✔ Հայրավանք։ Գավառ քաղաքից ոչ հեռու գտնվող Հայրավանք գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին նույնպես կառուցվել է 4-րդ դարում՝ բազալտից ու սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին։ Հայրավանքի պարսպապատ բակում կան տապանաքարեր ու խաչքարեր, որոնք թվագրվում են 16-րդ դարին։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ Խորհրդային իշխանությանտարիներին, ինչպես և մյուս եկեղեցիները, մատվել է անուշադրության: 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
✔ Մաքենյաց վանք։ Վարդենիս քաղաքից ոչ հեռու՝ Մաքենիս գյուղի եզրին գտնվող Մաքենյաց վանքը հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից։ Այստեղ Սողոմոն Մաքենացին 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք)։ 8-9-րդ դարերում Մաքենյանց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին, Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղվարդեցին։ 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից կառուցել է սուրբ Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։ 1170 թվականին Ներսես Շնորհալին այստեղից վերցրել է եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։
✔ Վանեվանի վանք։ Հիմնադրվել է վաղ միջնադարում՝ ժամանակակից Արծվանիստ գյուղին կից։ Համալիրի գլխավոր՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցվել է 903 թվականին հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ 914 թվականին այստեղ է թաղվել իրենց եղբայրը՝ հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին, 1871-80 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։
