
Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է։ Այն ունի խոշոր լճեր և բազմաթիվ լճակներ։ Կա բավական զարգացած գետային ցանց և սառնորակ, հորդաբուխ աղբյուրներ, հանքային ջրեր։ Հայկական լեռնաշխարհի լճերն են՝
◉ Կապուտան կամ Ուրմիա լիճ
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։
Սևանա լիճ
Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Աշխարհի բարձրադիր լճերի շարքում երկրորդն է ծավալի մեծությամբ՝ Տիտիկակա լճից հետո (Անդեր)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 խոր. կմ։
Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու:Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են։ Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր։ Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման։ 1980-ական թվականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը՝ Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար։ Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից։ Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին։ Լիճը վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը՝ պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադաձավ կենդանական և բուսական աշխարհի վրա։
Վանա լիճ
Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ)։ Այժմ Կապուտանի ջրերը զգալիորեն քչացել են, փոքրացել է հայելին։ Վանա լիճը Մերձավոր Արևելքի՝ տարածքով ամենախոշոր լիճն է։ Վանա լճի ափին է կառուցվել Տուշպա ամրոցը (Վան)՝ Հայկական լեռնաշխարհի առաջին պետության՝ Վանի թագավորության մայրաքաղաքը։ Ապա այն դարձել է համահայկական առաջին պետության՝ Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ վերածվելով առաջավորասիական քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային կենտրոնի։ Նախքան այդ, Վանա լճի արևմտյան ափին՝ Արածանիի հովտում, ձևավորվել էր լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումներից բրոնզեդարյան Նաիրի ցեղային միությունը։ Լճի բարձրությունը ծովի մակերևույթից 1720 մետր է։ Լիճը փակ է, ջրերը՝ աղի ու բորակով հարուստ։ Հայտնի է իր տառեխ ձկնատեսակով։ Լճի մեջ թափվող գետերից են Խոշաբը, Սևջուրը և Բերկրին: Վերջինիս վրա է գտնվում Բերկրիի ջրվեժը: Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վաղ շրջանում լիճն ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ Լիմ, Առտեր, Կտուց, Աղթամար: Վանա լճից արևելք է գտնվում Արճակ, արևմուտք՝ Նազիկ լճերը:
Կապուտան
Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Հայտնի է նաև Ուրմիո լիճ անունով։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Կապուտանի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին: Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ։ Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Կապուտան են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են՝ բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսիհամակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։ Աղիությունը շատ բարձր է՝ 150-250 պրոմիլ է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։
